«Ոչ մի վնաս չի եղել». Ջերմուկի քաղաքային գրադարանն Ադրբեջանի ագրեսիայից հետո անցել է աշխատանքի
Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում Ադրբեջանի կիրառած ագրեսիվ գործողությունների հետևանքով առավել տուժած բնակավայրերից առողջարանային քաղաք Ջերմուկը վերադառնում է իր բնականոն կյանքին։
«Առողջարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, բանկերն ու քաղաքի տարբեր ենթակառուցվածքներն անցնում են իրենց բնականոն գործունեությանը»,- գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ջերմուկում ընդհանուր առմամբ վնասվել էր 9 շենք-շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան: Վնասվել էր նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքը, ավտոճանապարհների որոշ հատվածներ: 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար: Այստեղ նույնպես վնասվել են քաղաքացիների անձնական մեքենաներ: Հարվածային ալիքների հետևանքով բազմաթիվ շենքերի պատուհանների ապակիներ են կոտրվել:
Հոկտեմբերի 3-ից իր բնականոն աշխատանքին է անցել նաև Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանը:
«Ոչ մի վնաս չի եղել ո՛չ գրադարանին, ո՛չ էլ հարակից տարածքում գտնվող մանկապարտեզին, դպրոցներին: Եթե օրական ունեցել ենք 60-65 ընթերցող, այս շաբաթվա մեջ մի փոքր նվազել է այցելության թիվը, ունեցել ենք 40 ընթերցող: Պետք է ամեն ինչ անենք, որ նորից վերադառնանք բնականոն աշխատանքի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրադարանի օպերատոր Ռոզա Ավագյանը:
Հետաքրքրվեցինք, թե որքա՞ն հաճախ է Ջերմուկի քաղաքային գրադարանը համալրվում նոր գրքերով, ո՞ր ժանրի գրքերի անհրաժեշտությունը կա։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց, որ սկսած 2011 թվականից գրադարանն ամեն տարի համայնքապետարանի աջակցությամբ համալրվում է նոր գրքերով։ Կատարվում են նաև նվիրատվություններ գրադարանին։
«Հաշվի առնելով ընթերցողների պահանջները՝ ձեռք են բերվում տարբեր ժանրերի գրքեր` կրտսեր, միջին և բարձր տարիքի ընթերցողների համար։ Գրքային հավաքածուն անհրաժեշտ է համալրել նաև ռուսերեն մանկական գրականությամբ, անգլերեն գրքերով, մասնագիտական գրքերով և այլն։ Գրադարանից օգտվում են տարբեր տարիքային խմբի ընթերցողներ` դպրոցականներ, ուսանողներ, մեծահասակներ։ Ընթերցողները նախընտրում են կարդալ հիմնականում արկածային, դեդեկտիվ ժանրի և մոտիվացնող գրքեր»,- մանրամասնեց Ռոզա Ավագյանը: