Նրանք չեն թաքցնում իրենց էքսպանսիոն նպատակները, և դրա համար օգտագործում են ՀՀ իշխանությունների մտավոր տգիտությունը. Արմեն Մանվելյան

Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ շարունակում են քննարկել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- ասվում էր հանդիպման արդյունքների մասին ՀՀ կառավարության հրապարակած տեքստում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, սակայն, «համաձայնությունը» բոլոր դրվագներով չի եղել․ թվիթերի էջում նա մասնավորապես տեղեկացրել է, որ Պրահայում վերահաստատել է տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու առաջարկը, իսկ «Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Պրահայում կայացած հանդիպումից ժամեր առաջ Իլհամ Ալիևը թվիթերում ցուցադրել էր իր նկրտումները՝ գրելով․ «Մենք կվերականգնենք Ղարաբաղն ու Զանգեզուրը»։

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.amի հետ զրույցում անդրադառնալով Պրահայի հանդիպմանն ու դրա ենթատեքստին՝ շեշտեց.

«Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում իրենց էքսպանսիոն նպատակները, որ ձգտում են տարածաշրջանային գերիշխանության և դրա համար օգտագործում են ՀՀ գործող իշխանությունների` միջազգային հարաբերություններում առկա մտավոր տգիտությունը: Այդ ամենն ուղղակի փորձ է արվում թաքցնել ՄԱԿ-ի կանոնադրության, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին լոզունգներով»:

Նրա խոսքով՝ միջազգային այս և այն կանոնների կողքին պետք է դիտարկվեր նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, որի մասին «հայտարարությունից երևում է՝ ոչ էլ կողմերը հիշել են»:

Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ Պրահայում նոր բան չի եղել, քանի որ հայտարարությունները խորքում այն քաղաքական կուրսի մասին են, որը ենթադրում է Հայաստանով միջանցք բացելու, Հայաստանն իբրև թուրանական քաղաքականության սպասարկման միջանկյալ տարածք դարձնելու ծրագիրը:

Հարցադրմանը՝ արդյոք պրահյան արդյունքները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՞ վրա, փորձագետը պատասխանեց. «Խնդիրն այն է, թե ով է այդ գործընթացի հիմքում. եթե Եվրոպան է, ապա նպատակը մեկն է՝ չտեսնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, որպեսզի ստիպեն ռուսական զորքերին դուրս գալ այդ տարածքից:

Հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» կեղծ գործընթացը նույնպես այդ տրամաբանության մեջ է. այսինքն՝ ստիպել, որպեսզի Հարավային Կովկասից ամբողջ ռուսական բանակը դուրս բերվի և այդ տարածաշրջանը հանձնվի Թուրքիային: Ինչքան էլ Արևմուտքը Թուրքիայի հետ ունենա տարաձայնություններ, այդուհանդերձ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ու նրանք կարողացել են միշտ լեզու գտնել: Եվ պատրաստ են օգտագործել Թուրքիային՝ ընդդեմ Ռուսաստանի:

Այլ բան է, որ ՀՀ իշխանություններն են մտավոր տհասների հավաքածու և չեն հասկանում այս ամենը, ու կեղծ խաղաղության քարոզի տակ բանակցությունների են նստում մի մարդու հետ, որի անմիջական հրամանով մի քանի օր առաջ դաժանաբար մեր զինծառայողներին էին գնդակահարում»:

Միջազգային անվտանգության հարցերով մասնագետից նաև հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի թվիթերյան վերջին գրառումն ապաշրջափակման օրակարգի շուրջ «Ադրբեջանի կողմից դրական պատասխան» չլինելու վերաբերյալ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Պրահայի բանակցությունները ևս մոտ են ձախողման:

Ի պատասխան՝ նա նշեց. «Նիկոլը չի հասկանում պարզ ճշմարտություն. Ադրբեջանը չի տրամադրի իր տարածքը՝ հայկական ապրանքները դեպի ՌԴ տեղափոխելու համար: Ադրբեջանին այդ ամբողջ ճանապարհից ձեռնտու է միայն Մեղրու տարածքով գնացքի աշխատանքը, որն Ադրբեջանը Նախիջևանով կկապի Թուրքիայի հետ. վերջ, այլ ճանապարհներ չեն բացվի, այլ ճանապարհներ չեն գործի:

Մնացած բոլոր ճանապարհներն ընդամենը հեքիաթներ են: Իսկ Ադրբեջանի մյուս պահանջը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, որից երբեք չի հրաժարվի:

Եվ դրա համար Ադրբեջանը շարունակելու է պահանջել նախևառաջ միջանցքը, նոր մնացածը»:

Տեսանյութեր

Լրահոս