«Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մի բան». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ Ադրբեջանի պահանջները «գաղտնազերծելու» կարիք չկա, քանի որ Ալիևն իր ելույթներում պարբերաբար խոսում է դրանց մասին:

«Պարզ չէ, թե ինչ փաթեթով է բանակցություններին նստում հայկական կողմը, որովհետև ինչքանով հասկանում ենք ՄԱԿ-ի ելույթից և ԱԺ վերջին ելույթից, ՀՀ իշխանությունները մտադրված են հրաժարվել Արցախի հարցի լուծումից, կենտրոնանալ ՀՀ տարածքային ամբողջականության վրա, կնքել այդ պայմանագիրը: Պայմանագիրը կնքելու համար պետք է նախապատրաստել և հոգեբանական տեռորի ենթարկել հանրությանը, որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան, թե ինչու գնացին և ստորագրեցին: Մեթոդաբար դա հստակ արվում է իշխանությունների կողմից: Երկու տարի առաջ հանրությունը դեմ էր որևէ փաստաթղթի, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, հիմա՝ Ադրբեջանի վերջին հարձակումներից հետո, արդեն քննարկման թեմա է դարձել, որ լավ, դե գոնե վատագույն տարբերակով չստորագրվի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ հանրության մի զգալի հատված կողմ էր խաղաղության դարաշրջան կոչվածին՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի վերընտրեցին Նիկոլ Փաշինյանին, նա արձագանքեց. «Նախ՝ դա հանրությունը չէ, դա 680 հազար ընտրող է, որն ընդհանուր ընտրողների քանակի 25 տոկոսն է: Դա հանրության մի մասն է, որը չի քվեարկել նրա համար, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս: Եթե իրենց հետ անկեղծ լինեին և ասեին, թե ինչ է այդ փաստաթղթի պարունակությունը, դժվար թե այդ քանակության մարդ գնար և դրա օգտին քվեարկեր: Իսկ քվեարկում էր, այո, խաղաղության դարաշրջանին հավատալով, այո, և՛ փորձագետները, և՛ ընդդիմությունը բացատրում էին, ահազանգում էին, որ դա հնարավոր չէ: Բայց ընտրողները գերադասեցին հավատալ իշխանության խոստումներին:

Կարդացեք նաև

Ես այդ մարդկանց մոտիվացիան հասկանում եմ՝ այո, դու ուզում ես հավատալ, որ լավ է լինելու, գուցե քաղաքական պրոցեսներից առանձնապես գլուխ չես հանում, երբ քեզ խոստանում են լավ ապագա, գնում և քվեարկում ես այդ ապագայի համար: Ես վստահ եմ, որ երբ մարդիկ տեսան, որ ռազմական գործողությունները տեղափոխվեցին ՀՀ տարածք, այն, ինչի մասին բազմիցս զգուշացվում էր, հասկացան, որ այո, խաղաղության դարաշրջանը չսկսած՝ տապալված է»:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մի բան՝ վախը. «Քանի Ադրբեջանը չունի այդ վախը, քանի չկա դիմադրություն, քանի Ադրբեջանը զգում է, որ կարող է գնալ առաջ, ինքը գնալու է առաջ: Միակ բանը, ինչ իրեն կարող է զսպել, դա գործողությունների հետևանքներից իր վախն է»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը վստահ է՝ Ադրբեջանի նպատակները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար վաղուց էին պարզ. «Այդտեղ գաղտնի որևէ բան չկար, ուղղակի պետք էր կարդալ»:

Դիտարկմանը՝ Փաշինյանը մի առիթով ասել է, որ վարչապետը պարտավոր չէ, օրինակ, 100 էջանոց զեկույց կարդալ, նա արձագանքեց. «Բայց նույն Նիկոլն ասում է, որ բանակցային գործընթացի մասին տեղեկացված է Ալիևից: Այսինքն՝ ինքը գնում ու Ալիևին էր հարցնում՝ ինչ է բանակցվել իրենից առաջ, և ըստ երևույթին, դրա արդյունքն է, որ ինքը ասում է՝ մադրիդյան սկզբունքները կապիտուլյացիա էին»:

Ճշտեցինք՝ այսինքն՝ մտածում եք՝ Ալիևն է այդպես ասել, Նիկոլ Փաշինյանը կրկնո՞ւմ է:

«Ես ուղղակի վերհիշում եմ, որ ինքը բանակցային գործընթացի մասին իր ինֆորմացիան ստանում և մարսում էր Ալիևից: Մենք չգիտենք՝ Ալիևն իրեն ինչ է պատմել: Բայց դա կապ չունի, կան փաստաթղթեր, ՄԽ համանախագահներն էլ են այդ փաստաթղթերին տիրապետում: Ուղղակի պետք է կարդալ և հասկանալ»,- ի պատասխան՝ ասաց նա՝ չբացառելով, որ այս անգամ էլ ՄԽ համանախագահները կհերքեն Նիկոլ Փաշինյանին:

«Եթե ադրբեջանամետ որևէ փաստաթղթի նախագիծ լիներ սեղանին դրված, Ադրբեջանն այն կստորագրեր: Եթե այսքան տարի դժգոհում էր, բողոքում էր, ասում էր, որ միջազգային հանրությունը Հայաստանի կողքին է, Ադրբեջանին չեն աջակցում, Ադրբեջանը դեմ է, որ բանակցային գործընթացը գնա այն ուղով, որով գնում էր, այսինքն՝ ադրբեջանական կողմը տորպեդահարողի և բանակցային գործընթացը տապալողի դերում էր, ակնհայտ է, չէ՞, որ սեղանին չի եղել փաստաթուղթ, որը Ադրբեջանի շահերից բխի: Դա նշանակում է, որ խոսել այն մասին, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար կապիտուլյացիա են, ուղղակի անհեթեթություն է: Ցանկացած փաստաթուղթ, որը կբխեր Ադրբեջանի շահերից, Ալիևը շատ արագ կստորագրեր»,- շեշտեց Անժելա Էլիբեգովան:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս