Ադրբեջանը հարձակվել և օկուպացրել է Հայաստանի տարածքներ, բայց ԵՄ-ը պատժամիջոցներ չի դիտարկում. Բորելը՝ Եվրախորհրդարանում

Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ընդ որում, ըստ «Ազատության»՝ այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։

«Պարզապես ակնհայտ է, որ Ադրբեջանի հրթիռներն ու անօդաչուները թիրախավորել են Հայաստանի տարածքը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, և սա բացարձակապես անընդունելի է։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի խախտում է, և հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա», – ասաց նա։

Եվրամիությունը «պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել գերիների գնդակահարության տեսանյութը»

Ի տարբերություն նախորդ քննարկումների, այս անգամ արտգործնախարարը մի քանի անգամ կրկնեց՝ Ադրբեջանն է հարձակվել՝ գրավելով հայկական տարածքներ։ Ընդգծեց՝ Եվրամիությունը պահանջում է Բաքվից ետ քաշել զորքն ու հետաքննել նախօրեին տարածված տեսանյութը՝ գերիների գնդակահարության կադրերով։

Բորելի հասցեական քննադատությունը, սակայն, պատգամավորներին չէր գոհացնում․ «Պատմությունը ցույց տվեց, որ դատապարտելով միայն իրավիճակ չի փոխվում», – հայտարարեց հույն պատվիրակը։ «Բաքուն միայն ուժի զորությունն է հասկանում», – շարունակեց Նիդերլանդների ներկայացուցիչ Պիտեր վան Դալենը՝ առաջարկելով չեղարկել կամ գոնե այս պահին սառեցնել Ադրբեջանի հետ կնքված գազային համաձայնագիրը։

«Չհասկացա՝ Ձեր հարցը որն է։ Դուք հարցնում եք՝ կլինի՞ այդպես, թե ո՞չ։ Պատասխանն է՝ ոչ», – արձագանքեց Ժոզեպ Բորելը։

«Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է»

Քննարկումը հրավիրվել էր երկու շաբաթ առաջ հայ – ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի բախումներից հետո։ Պատգամավորներից շատերն էին պնդում՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անում է այն, ինչ Ռուսաստանը՝ Ուկրաինայի դեմ, ինչո՞ւ է Միությունը մի դեպքում վճռական, մյուս դեպքում՝ երկչոտ քայլեր ձեռնարկում։ Բարձրագույն հանձնակատարը գրեթե նույնաբովանդակ պատասխաններ էր տալիս. «Մենք միայն որոշակի հնարավորություններ ունենք մեր ձեռքում։ Շատ ուրախ կլինեմ, եթե դուք ինձ առաջարկեք՝ էլ ինչ կարող ենք անել»։

Ի պատասխան՝ եվրոպացի պատգամավորները մատնացույց էին անում Ադրբեջանի հետ վերջերս կնքված համաձայնագիրը։

«Ես իրականում հարց չլսեցի ձեր ելույթում․․․․Գազի և արյան միջև համեմատությունը բացարձակապես անհեթեթ է։ Դուք գուցե դա համարժեք եք համարում, բայց սա բանավեճ է, որտեղ, կարծում եմ, մենք պետք է լուրջ հարցադրումներ անենք, որոնց ես լրջորեն կպատասխանեմ», – արձագանքում էր Բորելը:

«Անդամ պետություններից որևէ մեկը պատժամիջոցների առաջարկ սեղանին չի դրել»

Կիպրոսցի Կոստաս Մավրիդեսն ավելի ուղիղ ձևակերպեց հարցը՝ պատրա՞ստ եք պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

«Որքանով ես եմ տեղյակ՝ անդամ պետություններից որևէ մեկը նման առաջարկ սեղանին չի դրել։ Պատժամիջոցների սահմանումը, ինչպես գիտեք, անդամ երկրների գործն է», – հակադարձեց Եվրամիության փոխնախագահը՝ ակնարկելով, թե այդ հարցը պատգամավորները պետք է նախ իրենց մայրաքաղաքներում բարձրացնեն։ Իր անունից վստահեցրեց՝ Բաքվի հետ գազային այմանագիր կնքելով և Ալիևին ԵՄ վստահելի գործընկեր անվանելով Եվրահանձնաժողովի նախագահը սկզբունքներ չի խախտել, զիջումներ չի արել.

«Ադրբեջանը իսկապես մեզ տալիս է, ավելի ճիշտ՝ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, և շնորհիվ այս տարի կնքված համաձայնագրի մենք կունենանք ծավալների էական ավելացում՝ 8-12 միլիարդ խորանարդ մետր։ Կարող եմ վստահեցնել՝ դրա դիմաց քաղաքական զիջումներ չեն արվել, Եվրահանձնաժողովի նախագահն անձամբ է մեկնել Ադրբեջան՝ այս գործարքը բանակցելու համար։ Դա հնարավորություն կտա ստանալ էներգակիրներ, որոնց կարիքը եվրոպացիներն այնքան ունեն այս ձմեռ»:

Միջնորդական առաքելությանը «Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ»

Մոտ մեկ ժամանոց հարցուպատասխանի ընթացքում Բորելը մի քանի անգամ շեշտեց՝ Եվրամիությունը հանձնառու է գործի դնել բոլոր հնարավորությունները՝ լարվածությունը թուլացնելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, միայն թե այդ գործիքներն իրականում շատ չեն։ Պնդեց՝ պատրաստ են անգամ դիտորդական առաքելություն ուղարկել սահման, միայն թե դրա համար նաև Բաքվի համաձայնությունն է պետք, որը չկա. – «Մենք առաջարկել ենք, որ Եվրամիության միջնորդական առաքելություն տեղակայվի սահմանին։ Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Դրանից ավել ի՞նչ եք ուզում, որ անենք։ Մենք չենք կարող Եվրամիության զորքն ուղարկել՝ առանց ստանալու երկու կողմերի համաձայնությունը»:

Պատգամավորներից մեկը փաստեց՝ վաղը Պրահայում կայանալու է Եվրամիության ոչ-պաշտոնական գագաթնաժողովը․ «Խաղաղություն և անվտանգություն» թեմայով քննարկմանը նաև ագրեսոր երկրի՝ Ադրբեջանի նախագահն է հրավիրվել։ Ինչո՞ւ, սրանով ԵՄ վարկանիշն է դրվում կասկածի տակ», – պնդեց դանիացի Կարենա Մելքիորը, փաստելով՝ Եվրամիության՝ մտահոգված լինելու մասին հայտարարություններն արդեն սոցանցերում երգիծանքի թեմա են դարձել։

«Գործընթաց սկսեք այս ատյանում»

Բորելն այս անգամ էլ քննադատությունը չընդունեց ու իր հերթին գնդակը Եվրախորհրդարանի կողմն ուղարկեց. – «Հանդիպմանը հրավիրվել են այն երկրները, որոնց հետ ունենք գործընկերության, կամ՝ ասոցացման պայմանագրեր, որոնց սառեցման կամ դադարեցման հարց Եվրախորհրդարանը չի դրել։ Թույլ տվեք ասել՝ դուք էլ եք Եվրամիության անդամ։ Եթե կարծում եք, որ ինչ-որ քայլ անելու կարիք կա, արեք։ Եթե չեք ուզում, որ Ադրբեջանը հրավիրվի, հեշտ ձև կա՝ գործընթաց սկսեք այս ատյանում, որպեսզի Ադրբեջանի անդամակցությունը դադարեցվի»։

Այս պահին, ըստ Բորելի, եվրոպական կողմն աշխատում է, որպեսզի սահմանազատման հայ – ադրբեջանական հանձնաժողովը մինչև այս ամսվա վերջ ևս մեկ հանդիպում ունենա Բրյուսելում։ «Կարծում եք, որ ստեղծված իրավիճակում Եվրամիությունը կունենա՞ բավարար ազդեցություն Ադրբեջանի վրա՝ միջնորդություն իրականացնելու, արդար և կայուն համաձայնագրի հասնելու համար», – հարցրեց պատգամավորներից մեկը։ «Հույս ունեմ, բայց չեմ կարող երաշխավորել», – արձագանքեց Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը։

Տեսանյութեր

Լրահոս