Ինչ-որ շփոթմունք կա. Սերժ Թանկյանը հերքել է SOAD-ի՝ առաջիկա երևանյան համերգի մասին լուրերը
Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամյան էջում հանդես է եկել հաղորդագրությամբ:
«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,-գրել է երաժիշտը:
Հավելենք, որ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը նրան դիմել էր՝ խմբին Հայաստան հրավիրելու խնդրանքով:
Փաշինյանը նշել էր, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին՝ Հանրապետության հրապարակում:




