«Լավագույն օրինակ է՝ ինչպես պետք է իրեն չպահի պետության ղեկավարը». Լիլիթ Գևորգյան

«Ռուսաստանակենտրոն անվտանգային համակարգն այլևս չի գործում»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նրա կարծիքով՝ այն, ինչ ներկայումս կատարվում է ՀՀ-ում, Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մնալու, հատկապես՝ պարտությունից հետո իշխանության մնալու որոշման արդյունք է, բայց այստեղ չպետք է մոռանանք, որ ընդդիմությունն իր ոչ կառուցողական դերն է ունեցել:

«Իմ տպավորությունն այն է, որ ՀՀ-ն բացառիկ հնարավորություն ունի իր արտաքին քաղաքականությունը վերադասավորելու և, ի վերջո, վերագնահատելու վերջին 30 տարվա որոշումները՝ մեկ պարզ պատճառով, որ դրա հիմքում ռուսաստանակենտրոն անվտանգային համակարգն է, որը չի գործում: Կարծում եմ՝ սա այլևս գաղտնիք չէ: Տարբեր պատճառներ կան, եթե գործեր, ապա կլինեին այլ գործիչներ, որոնք բավականին արագ կարող էին նաև գալ իշխանության և աշխատեցնել այդ մեխանիզմը:

Այն գինը, որ ռուսական կողմը պահանջում է հայկական կողմից, բավականին բարձր է և նշանակում է թե Արցախի, և թե ՀՀ ինքնիշխանության լիակատար կորուստ: Այսինքն՝ ՀՀ-ն ունի բացառիկ հնարավորություն ունի վերանայելու և վերակերտելու իր անվտանգային ու արտաքին քաղաքականությունը»,- նման համոզմունք հայտնեց Լիլիթ Գևորգյանը:

Ըստ նրա, բոլոր ռեսուրսները կենտրոնացած են ներկայիս իշխանության ձեռքում, և սա անելը նրանց պարտականությունն է:

«Դրա հնարավորությունը կա, կանե՞ն արդյոք նման քայլ, կարծում եմ, որ ոչ»,- ասաց նա:

Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ իշխանությունը 2021 թվականի հունիսի ընտրություններով լեգիտիմացրեց այն արշավը, որը կազմակերպվեց ու իրականացվեց Արցախի ու ՀՀ-ի դեմ՝ ի դեմս պատերազմի:

«Այսինքն՝ այն քայլերը, որոնք կառավարությունը ձեռնարկեց, մեծապես վնասեցին ՀՀ-ի և նաև Արցախի շահերին: Պետք էլ չէ տարանջատել, մեծ հաշվով: Ներկայիս իշխանությունների հիմնական շարժիչ ուժն ամեն դեպքում թե իշխանության պահպանությունն է, թե ինքնապահպանությունը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Գևորգյանի կարծիքով, Կառավարությունը փորձում է մանևրել փոքր ներկուսակցական ռեսուրսն օգտագործելով, որ, ինչպես տեսնում ենք, մեղմ ասած, թերի է:

«Իմ կարծիքով, այն ազդակները, որ իշխանությունից ստանում ենք, այն է, որ փորձում են ժամանակ շահել հանուն ժամանակ շահելու»,- նկատեց վերլուծաբանը:

Նա գտնում է, որ երկիրը, որը ՌԴ-ի հետ գրեթե բոլոր ոլորտներում լուրջ, սերտագույն կապի մեջ է, պետք է նաև գիտակցի, որ չի կարող շարունակել մնալ նույն ռազմավարական բլոկում և ստանալ լիակատար օգնություն, իսկ ՀՀ-ի համար կարևորագույն խնդիրը բանակի վերակազմավորումն է և վերազինումն է արևմտյան մոդելով, սրանից բացի՝ կա տնտեսական ու էներգետիկ անկախության կամ անվտանգության ապահովության խնդիրը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ դաշնակիցները չեն կատարում իրենց պարտավորությունները զենք մատակարարելու հարցում, ապա իր հարցազրույցում հայտարարեց, թե նկատի չի ունեցել ՌԴ-ին, ապա Լիլիթ Գևորգյանն ասաց, որ սա լավագույն օրինակ է՝ ինչպես պետք է իրեն չպահի պետության ղեկավարը, այն, ըստ նրա՝ հաղորդակցության տարրական կանոնների խախտում է: «Եթե հայկական կողմը փորձում է հասցնել այդ տեղեկությունը, պետք է Կառավարության բոլոր օղակները նույն հաղորդագրությունը տան թե հանրությանը, և թե արտաքին գործընկերներին»,- նկատեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս