«Աշխարհի մասշտաբով մենք պետք է ունենանք բարձր արտադրողականության գյուղատնտեսություն». Վահան Քերոբյան
Էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ իրենց կատարած աշխատանքի արդյունքում այնպես են արել, որ խաղաղագործների 80 տոկոսն իրենց հարցը մինչև հուլիսի 1-ը լուծել է։
«Բազմաթիվ փոքր տնտեսություն ունեցող խաղողագործներ ևս ունեն պայմանագիր։ Խնդրի մյուս մասը հետաձգվել է, որովհետև որոշ ընկերություններ կարիք չունեն պետական աջակցման ծրագրերի, և իրենք իրենց սեփական ծրագրերով են առաջ գնում, և այստեղ երկու խոշորներն են՝ Երևանի կոնյակի գործարանը և Նոյ կոնյակի գործարանը։ Այս երկու ընկերությունները երբեք չեն օգտվում մեր ծրագրերից, հետևաբար՝ առաջնորդվում են իրենց սեփական քաղաքականությամբ։ Մյուսները մեծ մասամբ լուծել են իրենց խնդիրները, կամ մյուսների միջոցով մենք լուծել ենք մեծ մասի խնդիրները։ Այնպես որ, մենք այսօր վստահություն ունենք, որ ծավալի հետ կապված մեծ խնդիրներ չեն առաջանա, այսինքն՝ խաղողը գետնին չի մնա։ Կարծում ենք՝ հնարավոր ամեն ինչ արդեն արել ենք, կամ այն, ինչ անհրաժեշտ է, արդեն արել ենք։ Պարզ է, մյուս տարվա համար ունենք ավելի մեծ գործիքակազմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։
Բերելով իր շվեդ ընկերոջ մասին օրինակը, նախարարը պատմեց, թե երբ նրա հետ խոսում են գյուղատնտեսության մասին, ընկերն ասում է, որ ունեն ֆերմա, որտեղ աշխատում են 40 հոգի, և կար հարևան ֆերմա, որտեղ ևս աշխատել է 40 հոգի, հիմա այդ երկու ֆերմաները միացել են իրար, և աշխատում է մեկ հոգի։
«Աշխարհի մասշտաբով մենք պետք է ունենանք բարձր արտադրողականության գյուղատնտեսություն, անկախ նրանից, որ մենք պետք է դիրքավորվենք ավելի պրեմիում կարգի ապրանքներով։
Պատկերացրեք՝ մեկը խանութ բացի, 1 քառակուսի մետրով, հետո գա ասի՝ կառավարություն ջան, իմ խանութը լավ չի աշխատում, որովհետև այն գնով, որով ինձանից ապրանքն առնում են, չի բավարարում, որ ես նորմալ ապրեմ։ Հիմա սրա լուծումն ավելի մեծ խանութ ունենալն է, այլ ոչ թե օգնենք, որ այդ խանութից ապրանքն ավելի թանկ գնով առնեն»,- հավելեց նա։
Նախարարը նաև ընդգծեց, որ այս օրինակը բերում է այն պատճառով, որ խաղաղագործների մոտ շատերը կան, որ ունեն փոքր այգիներ և փորձում են իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովել փոքր այգու միջոցով։ Քերոբյանի կարծիքով՝ սա հնարավոր չէ, քանի որ գյուղատնտեսությունը գնում է բարձր արտադրողականության, և այժմ տեսնում են, որ խաղող մթերող կազմակերպություններն իրենց սեփական այգիներն են հիմնում։
«Խաղաղագործներն ասում են՝ ի՞նչ անի մեր ընտանիքը, եթե ընտանիքում կա 4 չափահաս մարդ, որոնք կարող են աշխատել, պետք է հասկանան, որ իրենց տված արդյունքը պետք է մեծ լինի։ Եթե մեծ չէ, ապա պետք է մեծացնեն կամ գնան այլ աշխատանքով զբաղվեն։ Մարդիկ ժամը 09։00-18։00-ն պետք է աշխատեն, և եթե տարեկան, չգիտեմ, եթե ստանում են փոքր արդյունք, պետք է դուրս գան այդ կաղապարի միջից և գնան ավելի մեծ գյուղատնտեսություն»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։
Ի դեպ, սեպտեմբերի սկզբներին՝ մարզային հերթական այցելության ժամանակ, 168.am–ին Լուսառատ գյուղում բնակիչներից մեկը պատմել էր, որ օգոստոսին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լուսառատ կատարած այցի ժամանակ իրենց, այսպես ասած, բիզնես առաջարկ էր արել.
«Ասաց՝ գնացեք Երևան, 300.000 դրամով աշխատատեղ կա, աշխատեք, հողերն էլ ծախեք էդ հարուստներին, որ էդ հարուստներն էլ տենց, էլի․․․»: