«Հենց հիմա Սոթքում են՝ տեղում ամբողջն ուսումնասիրում են». Հակոբ Ավետյանը՝ դիվանագետների Գեղարքունիք կատարած այցի մասին
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց են ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորած խաղաղ բնակավայրերի ավերածություններն ու հարձակման հետևանքները:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ մեր զրույցի պահին դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ Սոթքում են, ծանոթանում են թշնամու հարձակման հետևանքներին։
«Հենց հիմա Սոթքում են, միասին ենք, տեղում ամբողջն ուսումնասիրում են։ Առհասարակ նրանց այցը ես դրական եմ գնահատում, թե ինչ կլինեն այդ այցի արդյունքներն ու հետևանքները, դա չեմ կարող ասել։ Ամեն ինչ իրենցից է կախված, կարծում եմ՝ այս ամենը պետք է հիմք հանդիսանան, որպեսզի Ադրբեջանին կարողանան թույլ չտալ գնալ հետագա սադրանքների։
Բայց արդյո՞ք հենց սա է նրանց նպատակը, չեմ կարող ասել, վաղը-մյուս օրն ամեն ինչ պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։
Ըստ Հակոբ Ավետյանի՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել են թշնամու հարձակման հետևանքով եղած ավերածությունները։
«Իրենց ռեակցիայից զգում ենք, որ շատ վատ են վերաբերվում այս ամենին։ Մանրամասն հետաքրքրվում, հարցնում, ուսումնասիրում են»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը սահմանամերձ վայրերում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման մասին, Հակոբ Ավետյանը նկատեց՝ եթե այդ առաքելությունը լինելու է լրագրողների աշխատանքի նման, որոնք փաստն արձանագրում են և դրա մասին խոսում, ապա անիմաստ է։
«Եթե այդ առաքելությունը կկարողանա րոպեների ընթացքում արձանագրված փաստերը տեղ հասցնել համապատասխան վայր, և արձագանքը պետք է որոշիչ լինի։ Կարևորը՝ հստակ լինի, թե այդ դիտորդական առաքելությունն ինչի է պատրաստ լինելու։ Եթե ուղղակի գալու են այստեղ կանգնեն, ու վերջ, ապա կարծում եմ՝ դրա կարիքը չկա»,- եզրափակեց Հակոբ Ավետյանը։
Նշենք, որ երեկ Ադրբեջանը կրկին հարձակվել էր Հայաստանի սահմանների վրա, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։
Ադրբեջանի հարձակումից հետո, Նիկոլ Փաշինյանը նախ երեկ թվիթերյան իր էջում էր գրառում կատարել սահմանամերձ վայրերում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտության մասին։ Այսօր էլ Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով երեկ սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին՝ ի լուր բոլորի ասել էր. »Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ դա կլինի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»:
Հիշեցնենք, որ դեռ անցյալի տարի մայիսին, երբ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել, ապա գերեվարել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար միջազգային հանրությանն ու Ադրբեջանի նախագահին առաջարկել էր. «երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ»:
Ըստ էության ավելի քան մեկ տարի առաջ հնչեցրած առաջարկը պատշաճ ուշադրության չարժանացավ միազգային հանրության կողմից: Թշնամին շարունակեց զինված և ագրեսիվ գործողություններով առաջ գալ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքով: