
Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը և իրավիճակը՝ Կութում և Սոթքում

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վերահաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Արդեն 1 ամսից ավելի է՝ Ադրբեջանը երբեմն՝ անկանոն, երբեմն էլ՝ թիրախավորված կրակոցներ է արձակում Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ։
Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանի խոսքով՝ վերջին շրջանում այդ կրակոցների ձայները գյուղում չեն լսվում։
«Ամեն ինչ նորմալ է, գյուղացիներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված։ Սուտ կլինի, որ ասեմ՝ լարվածություն կա գյուղում, այս պահին հանգիստ է»,- 168.am-ի հետ զրույցում հակիրճ նշեց Գրիգորի Ավագյանը։
Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը հրաժարվեց կրակոցների վերաբերյալ որևէ տեղեկատվություն տալ՝ նշելով, որ իրավասու չէ որևէ բան փոխանցել։
«Բոլոր հարցերի դեպքում դիմեք Պաշտպանության նախարարությանը, ինքս ձեզ որևէ բան չեմ կարող ասել։ Մարդիկ իրենց հողերն են սկսել մշակել, նորմալ է»,- 168.am-ին փոխանցեց նա։
Ճշտող հարցին՝ Սոթքում կրակոցների ձայները լսվո՞ւմ են, Սևակ Խաչատրյանը կրկին հորդորեց՝ բոլոր ճշտումներն անել ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս հարձակումից 3 օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանի հրամանով հայկական զորքերը հետ էին քաշվել Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի բարենպաստ դիրքերից, որի արդյունքում ադրբեջանական զորքն առաջ էր եկել, որի արդյունքում հարյուրավոր գյուղեր դարձան սահմանամերձ և մինչև օրս մնում են ադրբեջանական կողմի թիրախում և նրա Զու դիտարկման տակ։