«Ադրբեջանական կողմը նախապատրաստվում է… Հասանովի այս քայլը կարող է վտանգավոր լինել». Հակոբ Ավետյան

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Պիտեր Ստանոն՝ արձագանքելով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետի նախօրեի քննադատությանը, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին տեղյակ է պահել Հայաստանում իր դիտորդական առաքելության մասին, և առաքելությունը պատրաստ է հետագա համագործակցությանն Ադրբեջանի հետ։

Քերիմ Վալիևը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի հետ հանդիպման ժամանակ թարմացրեց Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի դժգոհությունը՝ հայտարարելով, թե դիտորդների տեղակայումը Հայաստանի տարածքում սրում է իրավիճակը Հարավային Կովկասում, խոչընդոտում հայ-ադրբեջանական կարգավորմանը։

Եվրամիության առաքելությունը կտրականապես հերքել է  Ադրբեջանի կողմից հնչող բոլոր մեղադրանքները, թե «եվրոպացի դիտորդները և հայ զինվորականները համատեղ «լրտեսում են Ադրբեջանի տարածքը՝ հնարավոր նոր սադրանքի» նախապատրաստման համար»:

Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը հանձնարարել է ուժեղացնել զորքերի զգոնությունը Հայաստանի հետ սահմանին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին՝ նա հանձնարարականներ է տվել զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու, զգոնությունը մեծացնելու վերաբերյալ:

Կարդացեք նաև

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը որքան երկար էլ մնա Հայաստանում՝ երկրի անվտանգությունը չի կարող ապահովել, քանի որ Հայաստանն իր հույսը պետք է դնի իր ու սեփական բանակի վրա։

«ԵՄ դիտորդական առաքելությունը մեզ համար անվտանգություն չի ապահովում, նրանք պարզապես սահմանին կանգնած դիտորդ են։

Մեր բնակիչների երևի 70 տոկոսը տեղյակ չէ, որ ԵՄ դիտորդներ կան, կամ նրանք ինչի համար են, մանավանդ վերջին մեկ ամսում բոլորն իրենց դաշտերով են, բերքահավաք է, մարդիկ լուր չեն նայում, չեն հետևում։

Ես ուղղակի հասկացել եմ, որ ռուսներն էլ, ԵՄ դիտորդներն էլ ուղղակի կանգնում են իրենց ներկայությունն ապահովելու համար, որևէ մեկը որևէ գործնական քայլ չի անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը։

Նա հիշեցրեց՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, ռուսական զորքը տեղակայված էր Սոթքում, թշնամին Սոթքի զորամասը ռմբակոծեց, դեպքից մոտ երկու ժամ առաջ այդ տարածքում որևէ ռուս չի եղել։

«Կարծում եմ՝ սա զուգադիպություն չէր, ավելի շատ մտածում եմ, որ իրենք տեղյակ են եղել պրոցեսից, դրա համար տեղում չէին։ Այսինքն՝ մեր հույսը մենք ենք, լավ, վատ, մեր ուժին պետք է ապավինենք, ոչ թե ռուսների կամ ԵՄ դիտորդների։ Դրա համար մենք պետք է զգոն լինենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Գեղամասարի նախկին համայնքապետի խոսքով՝ բնակչության հոգեբանության վրա այնպես են աշխատել իշխանությունները, որ մի բան լինի, նրանք չպայքարեն, այլ թողնեն հեռանան։

«Մեր կառավարության դիվանագիտությունն այնպիսին է՝ հետևանքները մենք տեսնում ենք։ Նախկինում ցանկացած հայ մարդ ինքն իրեն հզոր էր զգում, մտածում էր, որ պետք լինի՝ կկանգնենք, կկռվենք, իսկ հիմա այնպես են արել, որ մարդիկ մտածում են՝ ի զորու չեն որևէ բան անելու։ Հոգեբանորեն ճնշված վիճակը մարդկանց խանգարում է, եթե մարդը մտածում է՝ ինքը ուժեղ վիճակում է՝ կանգնում է, պայքարում է, իսկ եթե մտածում է, որ թույլ վիճակում է՝ փախչում է։ Ըստ իս, հիմա շատերը մտածում են միայն պաշտպանվելու մասին։ Լավ չէ, որ այս վիճակում ենք, բայց իրականությունը սա է»,- շեշտեց Հակոբ Ավետյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը որևէ ագրեսիայի նախապատրաստվելուց առաջ մշտապես շանտաժ է անում, հետո նախապատրաստվում ագրեսիայի՝ հայտարարելով, թե հայկական կողմն է խախտում թույլ տվել։

«Սա նշան է այն բանի, որ ադրբեջանական կողմն ուզում է ինչ-որ բան անել, նախապատրաստվում են, որ հետո ասեն, թե պատասխան ենք տվել։ Հասանովի այս քայլը կարող է վտանգավոր լինել»,- եզրափակեց Գեղամասարի նախկին ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս