Հայաստանը՝ «դեմոկրատիայի» և «ավտոկրատիայի» պատերազմի արանքում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը՝ «դեմոկրատիայի» և «ավտոկրատիայի» պատերազմի արանքում։

Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ և ԵՄ գլխավորությամբ, նոր աշխարհակարգի ճարտարապետության նախագծման պլանով, փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրներ: Ռուսաստանն ու Չինաստանը՝ նույն նպատակից ելնելով (Արևմտյան գերակայություն թույլ չտալու և բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու պլանով), նույնպես փորձում են իրենց շուրջը համախմբել հնարավորինս շատ երկրների:

Աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների արժեքներն ու կոշտ պայքարի հիմքերն ապահովելու համար Արևմուտքը սահմանել է հակադրության պարզ, բայց պայմանական սիմվոլիկա. «դեմոկրատիայի» պայքարը «ավտոկրատիայի» դեմ, կամ «ավտոկրատիայի» պայքարը «դեմոկրատիայի» դեմ:

Այս պայմանական տարանջատման առջև կանգնած են գրեթե բոլոր երկրները: Իսկ ձևավորվող բևեռների միջև, պայքարը տարվում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, մշակութային և այլն:

2020թ.-ից հետո Հայաստանն այս ընտրության առջև է և հայտնվել է անվտանգային ծանր սպառնալիքների մեջ: Վտանգը, որի առջև հայտնվել են ապաշնորհ և դավադիր իշխանությունները՝ հայ ժողովրդին սպառնում է գոյաբանական իմաստով: Պայմանականորեն «դեմոկրատիայի» ճամբարը, իր շահերից ելնելով, ի վիճակի չէ լիարժեք կանխել հայ ժողովրդին վրա հասած ֆիզիկական սպառնալիքները: Իսկ պայմանական «ավտոկրատիայի» ճամբարը Հարավային Կովկասում ունի կայունության և հարաբերական խաղաղության պահպանման իր տեսլականը: Մեզ համար սխալ կլինի այն, որ թշնամու ագրեսիայի դեմ պայքարում մենք ստիպված մտնենք ավելի գլոբալ ու բազմաշերտ պատերազմի մեջ, որտեղ մեզ օգտագործելու են՝ հաճախ ի վնաս մեր երկարատև անվտանգային շահերի: Եթե կուզեք ավելի պարզ, ապա մեզ ձեռնտու չէ, որ պայմանական «ավտոկրատիան» պարտվի կամ նահանջի այս պայքարում: Երբ Ռուսաստանը մի փոքր նահանջ ունեցավ Ուկրաինայում, Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես օգտվեցին իրավիճակից և հարձակում գործեցին Հայաստանի սահմանների վրա:
Ռուսաստանը շարունակում է մնալ մեր գործընկերն ու ռազմավարական բնական դաշնակիցը: Այլընտրանքը լինելու է այն, որ մեզ առաջարկելու են թշնամու դեմ կռվելով մեր կենսական շահերի համար, միանալ նաև մեր ռազմավարական դաշնակիցի դեմ տարվող գլոբալ պատերազմին: Նման հեռանկարը մեզ սպառնում է ոչընչացման՝ զոհաբերման միջոցով:

Ադրբեջանն ու Թուրքիան՝ մեր կապիտուլյանտների արկածախնդիր գործողությունները հմտորեն օգտագործում են մեր դեմ: ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանից հեռանալու և նմանատիպ կոչերը բխում են ՀՀ-ում գործող նեղ խմբակային խնդիրներից, բայց ոչ հայ ժողովրդի միասնական շահերից:

Ռուսական խաղաղարար առաքելությունը վերահսկում է Արցախում առկա իրավիճակը: Ռուսական զորամիավորումները կանգնած են Հայաստանի տարբեր հատվածներում, և առնվազն կարողանում են լուծել իրենց նվազագույն խնդիրները: Պաշտոնական Մոսկվայի քաղաքական ազդեցությունն ի վիճակի է կանխել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները: Այս իրավիճակում մեզ համար խիստ անցանկալի են հակառուսական տրամադրությունների սերմանումները: Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց անվստահելի տեսակով չեն կարողանում դաշնակցի և մյուս գործընկեր պետությունների հետ լիարժեք անկեղծ և կայուն քաղաքականություն վարել, դա դեռևս չի նշանակում, որ հայ ժողովուրդը պետք է գնա նիկոլիզմի արկածախնդրությունների հետևից և վտանգի իր փխրուն ապագան:
Մեզ պետք չէ մտնել պայմանական «դեմոկրատայի» և «ավտորիտարիզմի» համաշխարհային պայքարի մեջ, հատկապես, որ այն երկարատև է և բազմաբնույթ: Դա մեր կռիվը չէ: Մեր կռիվը մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականությունը պահպանելն է և արժանապատիվ խաղաղությունը չսակարկելը: Դրա համար մեզ անհրաժեշտ է համազգային համախմբում և մեր Զինված Ուժերի առավելագույն ամրացում:

Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան և մյուս երկրները պետք է տեսնեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը պատրաստ է իր անվտանգության համար խելացի, հետևողական և վճռական պայքար մղել: Դա մեր գոյության ամենաամուր երաշխիքն է: Այդ պարագայում մեզ չեն փորձի օգտագործել գլոբալ խաղերի մեջ և չեն փորձի մեր կենսական շահերի հաշվին այլ մակարդակներում պայմանավորվածություններ ձեռք բերել:

Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, որն այսօր կրկին ձեռք է բերել աշխարհաքաղաքական նշանակություն: Այն նաև Հայաստանն ու Արցախը սնուցող կարևորագույն հանգույց է, որը երբեք չպետք է վտանգվի»:

Տեսանյութեր

Լրահոս