«Մարդիկ եկել, ընտրություններ արել-գնացել են, վարչական ղեկավար եմ, ի՞նչ իրավունք ունեի ասելու, թե ում ընտրեն». Իշխանասարի վարչական ղեկավար
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերի 18 համայնքում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Սիսիան խոշորացված համայնքում նախնական տվյալներով հաղթել է համայնքապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանը։ Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար գյուղում ՔՊ-ի թեկնածուի օգտին քվեարկել է 35 հոգի, իսկ «Աշխատանք և արդարություն» դաշինքը ստացել է՝ 31, «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 17 ձայն։
168.am-ի հետ զրույցում Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ Իշխանասարում ընտրելու իրավունք ունեցել է 167 հոգուց ավելին, սակայն ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 100 հոգի։
«Դե, ընտրություններին մասնակցել են 100 հոգի, հանգիստ անցել է, կռիվ-բան չի եղել, դե, քիչ էին մասնակցում ընտրություններին։
Մարդիկ եկել, ընտրություններ արել-գնացել են, ում ուզել՝ ընտրել են, ես վարչական ղեկավար եմ, ի՞նչ իրավունք ունեի ասելու, թե ում ընտրեն։ Իրենք իրենց ընտրությամբ են ընտել»,- նշեց Մարատ Պետրոսյանը։
Ըստ Մարատ Պետրոսյանի, չի կարող ասել, թե ով է ընտրվել, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի իր վերջին տվյալները։
«Եթե քաղաքապետն ընտրվեց, նա արդեն կասի, վարչական տարածքներում կամ նոր ղեկավար կնշանակեն, կամ հինը կշարունակի պաշտոնավարել։ Անձամբ ես այլևս չեմ ուզում պաշտոնավարել, տարիքս արդեն այն չէ։ 30 տարի այս գյուղը ղեկավարում եմ, արդեն ի վիճակի չեմ, թող երտասարդները գան, իրենց հասանելիք աշխատանքն անեն»,- շեշտեց Մարատ Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է Իշխանասարի ընդհանուր վիճակին, Մարատ Պետրոսյանն ասաց, որ իրավիճակը նորմալ է, որևէ կրակոց չի եղել։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակում իրականացրեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում մի քանի ուղղությունով, թեժ մարտերից մեկն ընթացել էր Իշխանասարի հատվածում, որտեղ հայկական կողմն ունեցել է զոհեր։