«Սա ինձ համար ավելորդ ռիսկ չի ստեղծում՝ բնակչությունն ապացուցեց, որ ժողովրդի ուժն ամենաբարձրն է». Անի խոշորացված համայնքի ղեկավար

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանի ղեկավարած «Ազգ-համայնք» դաշինքը առաջատար է։

Նախնական տվյալներով՝ ընտրապայքարային մասնակցող ուժերը հավաքել են հետևյալ ձայները, ինչի արդյունքում գործող համայնքապետ Արտակ Գևորգյանը ստացել է ընտրողների ձայների գերակշիռ մասը։

«Ազգ-Համայնքը» դաշինքը հավաքել է՝ 3772, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3029, իսկ «Հայկական երազանքը»՝ 1039 ձայն:

168.am հետ զրույցում Արտակ Գևորգյանն ասաց, որ վերընտրվելն իր համար սպասելի էր, ինչի համար շնորհակալ է իր ազգաբնակչությանը, ժողովրդին՝ իրեն վստահելու համար։

Կարդացեք նաև

«Իմ ժողովրդի վստահությունը մեզ միշտ պարտավորեցրել է ուժեղ լինելու և պայքարի մեջ մտնելու համար։ Այսօր փաստ է, որ մեր բնակչությունը ցույց տվեց և իր ունեցած վստահության քվեով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդի ուժն ամենաբարձրն է։ Հետևաբար, նա վստահության քվե է տվել այն թեկնածուին, ում վստահել է»,- նշեց Արտակ Գևորգյանը։

Հարցին՝ մտավախություններ չունի՞, որ վերընտրվելուց հետո ինքը ևս,  իշխանությունների գործելաոճին հատուկ մեթոդներով,  կհայտնվի անազատության մեջ, ինչպես, օրինակ, Վանաձորի ընտրված քաղաքապետի դեպքում եղավ: Արտակ Գևորգյանը պատասխանեց, որ, բնականաբար, պայքարի մեջ է մտել իր ժողովրդի հետ միասին՝ լինելով նրա կողքին։

«Սա ինձ համար ավելորդ ռիսկ ու խնդիրներ չի ստեղծում, քանի որ մենք մեր աշխատանքները յուրաքանչյուր ժամանակահատվածում երբ պլանավորել ենք, կյանքի ենք կոչել, այդ թվում՝ համայնքի զարգացման 5-ամյա ծրագիրը։ Հանդես ենք եկել, «խոսքը դարձնում ենք գործ կարգախոսով»»,- հավելեց Արտակ Գևորգյանը։

Հաջորդ հարցին՝ վերընտրվելուց հետո ՔՊ թեկնածուից շնորհավորանքներ ստացե՞լ է, Արտակ Գևորգյանի պատասխանը բացասական էր։

«Անկեղծ ասած՝ ինքս իմ խնդիրն եմ լուծում և չեմ զբաղվում որևէ մեկի մոտեցմամբ կամ հարցերով։ Յուրաքանչյուր մարդ ինքն է իր ունեցած գործի, գործելաոճի մոտեցումների ու ճշտի տերը»,- եզրափակեց Արտակ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Արտակ Գևորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ չարաշահումներ կատարելու մեղադրանքով:

Նշենք, որ ՔՊ-ի թեկնածուի՝ Արման Սարիբեկյանի լուսանկարը բավականին երկար ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը և այլ ՔՊ-ականներ տարածում էին իրենց էջերում և տեղեկացնում, որ իրենց  առաջադրած թեկնածուն առաջիկայում կմասնակցի Անի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին։

Ի դեպ, սեպտեմբերի սկզբին Անի խոշորացված համայնքում ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն իրականացնելու համար այնտեղ գնացել էին ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Կարեն Սարուխանյանը։

Տեսանյութեր

Լրահոս