ՔՊ-ն Անիում անգամ քրեական հեղինակության ներգրավմամբ չի կարողացել հաղթել. կլինե՞ն արդյոք նոր ընտրություններ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ընտրություններ:

Անի խոշորացված համայնքը ներառում է Մարալիկ քաղաքը, Աղին, Անիավան, Անիպեմզա, Բագրավան, Բարձրաշեն, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Նորշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ և Քարաբերդ գյուղերը։

Համայնքը ղեկավարելու համար պայքարում էին  երեք քաղաքական ուժեր՝ «Ազգ-համայնք» դաշինքը,  նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

18 տարվա համայնքապետ, «Ազգ-համայնք» դաշինքը ղեկավարող ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը մրցակցում էր Անիի ավագանու անդամ, «Հայկական երազանք» կուսակցության առաջնորդ Ագուն Սաղաթելյանի և Մարալիկի, Արթիկի ու Ախուրյանի «Հայփոստի» համակարգող, ՔՊ-ական Արման Սարիբեկյանի հետ։
Ի դեպ, 2018թ. իշխանափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր իր փառքի ու հեղինակության գագաթնակետին, ու նրա թուրը կտրում էր աջ ու ձախ, իշխանությունները, ինչպես մնացած համայնքներում, ուր ՀՀԿ-ական և իրենց սրի տակ չանցած համայնքապետեր էին դեռևս պաշտոնավարում, փորձեց մի խժդժություն էլ Մարալիկում սարքել:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ արդեն Արտակ Գևորգյանը խոշորացումից հետո Անի համայնքն էր ղեկավարում: Չստացվեց: Արտակ Գևորգյանը պինդ գտնվեց և ըստ երևույթին ունենալով նաև համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության աջակցությունը՝ շարունակեց պաշտոնավարել մինչ օրս, և այսօր էլ հավակնում է հետայսու ևս ղեկավարել համայնքը:

Հիշեցնենք, որ Մարալիկի համայնքապետի հրաժարականի պահանջով շարունակվող ցույցերը նկարահանելու նպատակով 2018թ. Մարալիկ էին մեկնել «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Մալյանը, ուր նրանց վրա հարձակում էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի համակիրների կողմից, պահանջել էին ջնջել նկարահանված տեսանյութը: Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում, և մեծ դիմադրությունից հետո ի վերջո 2019թ. մարտի 21-ին՝ այդ հարձակումից ուղիղ 6 ամիս անց միայն հարուցվեց քրեական գործ:

Մյուս թեկնածուն Ագուն Սաղաթելյանն էր, գլխավորում է «Հայկական երազանք» կուսակցությունը: Ագուն Սաղաթելյանը համայնքի կազմի մեջ մտնող Ձորակապ գյուղից է, ՀԱԿ անդամ,  Կալանավայրերի վարչության նախկին պետ, 2008թ. նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդին:

Ագուն Սաղաթելյանը ՔՊ-ական իշխանության մեծ ջատագով էր, 2018թ. մեկն էր Մարալիկի քաղաքապետարանի մուտքը փակողներից, որպեսզի համայնքապետ Արտակ Գևորգյանը չկարողանա մուտք գործել իր աշխատավայր, բայց ուշագրավ է, որ 168.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները թույլ չեն տվել, որ նա իրենց ցուցակը գլխավորի, ու Ագուն Սաղաթելյանը ստիպված է եղել ընտրություններին մասնակցել «Հայկական երազանքի» կազմում:

Ագուն Սաղաթելյանին աջակցում էին  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, հակաեկեղեցական տխրահռչակ «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» շարժման հիմնադիր Կարեն Պետրոսյանը և Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ով, ի դեպ, Գյումրու Պոլիտեխնիկական համալսարանի՝ Գյումրու մասնաճյուղի տնօրենն է: Իսկ Կարեն Պետրոսյանի մորեղբայրը՝ Երվանդ Սերոբյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտորն է:

168.am-ը նախկինում տեղեկացրել է, որ այս երկուսի «տանիքը» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար, ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է:

Այսինքն՝ կրթությունը Շիրակի մարզում կենտրոնացված է Արայիկ Հարությունյանի ձեռքում:

Ըստ Շիրակի մարզում տարածված լուրերի՝ Ագուն Սաղաթելյանը Մոսկվայում տաքսի ծառայության համատեղ բիզնես ունի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ Ագուն Սաղաթելյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում ՏԻՄ ընտրությունների մասնակցելուն դեմ է եղել Շիրակի գործող մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ում համար անընդունելի է Կարեն Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի դիրքերի ամրապնդումը մարզում:

Ամեն դեպքում համայնքում պնդում են՝ եթե Ագուն Սաղաթելյանի գլխավորած քաղաքական ուժը հաղթահարի անցողիկ շեմը, անպայման ավագանիում կմիավորվի ՔՊ-ի հետ:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանին, Մարալիկում վերջինս, մեղմ ասած, բարի համբավ չունի, և վերջինիս Մարալիկում ավելի շատ ոչ թե անուն-ազգանվամբ, այլ իր մականվամբ են ճանաչում:

Եվ ահա թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ Անիում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջատարը գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանն է, որը գլխավորելով «Ազգ-համայնք» դաշինքը՝ հավաքել է 3763 ձայն։ Ձայների քանակով երկրորդ տեղում ՔՊ-ն է, որը հավաքել է 3032 ձայն։
Նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որը գլխավորում է Անիի ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանը՝ հավաքել է 1037 ձայն։
Մանդատները տվյալ դեպքում, ըստ ընտրատարածքային հանձնաժողովի, բաշխվելու են հետևյալ կերպ. 10 մանդատ՝ Արտակ Գևորգյանի գլխավորած քաղաքական ուժին, 8 մանդատ` ՔՊ-ին, և 3 մանդատ` «Հայկական երազանք» կուսակցությանը։

Այստեղ իրականում ինտրիգային իրավիճակ է ստեղծվում, քանի որ ո՛չ «Ազգ-համայնքը», ո՛չ էլ ՔՊ-ն միանձնյա իշխանություն չեն կարող ձևավորել։

Ստացվում է, որ Անիում իշխանության ձևավորումը կախված է «Հայկական երազանք» կուսակցությունից, որի թեկնածու Ագուն Սաղաթելյանից է կախված` իշխանությունը կմնա՞ նախկինների ձեռքում, թե՞ կանցնի ՔՊ-ին։

«Առավոտի» փոխանցմամբ՝ Ագուն Սաղաթելյանը հայտարարել է, որ որևէ քաղաքական ուժի չի միանալու:

«Պաշտոնապես ամրագրենք, որ մեզ որևէ թիմի միանալու նախաձեռնությամբ հանդես գալով չեք տեսնելու։ Եթե որևէ թիմ մեզ միանալու նախաձեռնությամբ հանդես կգա, կքննարկենք մեր թիմակիցների ու ընտրողների հետ՝ դուրս գալով միայն և միայն Անի համայնքի ու բնակիչների շահերից»,- հայտարարել էր նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը։

Սա նշանակում է, որ որևէ քաղաքական ուժ Ագուն Սաղաթելյանին միանալու դեպքում համայնքապետի պաշտոնում պիտի տեսնի հենց նրան։ Եթե վերջինս հրաժարվի կոալիցիաներից, Անիում նոր ընտրություններ կհայտարարվեն։

Ի դեպ, 168.am-ի Շիրակի մարզի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ական իշխանություններն Անիում միանձնյա հաղթանակ տանելու համար կենտրոնացրել էին ոչ միայն հնարավոր վարչական ռեսուրսը, այլև քրեական հեղինակություններին:

Այսպես, մեր տեղեկություններով՝ Անի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ձիթհանքով գյուղում ՔՊ-ի համար ձայներ ապահովելուն ներգրավված է եղել քրեական հեղինակություն, «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, ով պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմություններում:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ նա վայելում է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ Բռնող) բարձր հովանանավորությունը:

Մեր տեղեկություններով՝ վերջինս հենց Ձիթհանքով գյուղից է, և դեռևս ընտրություններից 4-5 օր առաջ է գործող իշխանությունների կողմից «գործուղվել» ծննդավայր՝ ՔՊ-ի համար ցանկալի արդյունք ապահովելու համար: Եվ հենց Ձիթհանքովում ՔՊ-ն հաղթել է:

Հատկանշական է, որ ուղիղ մեկ ամիս առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում «Չաղ Ռուստամը» չէր հերքել, որ իր ազդեցությունն օգտագործել է Թալինի ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանի համար ձայներ բերելու համար, ապա հավելել էր, որ սեպտեմբերի 25-ի ընտրություներում նույնպես ամեն ինչ անելու է, որ Սափեյանը հաղթի:

«Ցավդ տանեմ, մենք որևիցե մեկի վրա ո՛չ դավլենի ենք արել, ո՛չ էլ ինչ-որ բան։ Ընտրություններին ինչով կարողացել եմ, օգնել եմ, իմ բարեկամներով, իմ ազգուտակով օգնել եմ, որ ասեմ՝ եսիմինչեր ենք արել՝ չէ։ Տենց անելու բան էլ չկար, հարազատներ ունենք՝ ասել ենք, օգնել ենք՝ քվեարկեն։ Ասենք, Սափեյան Տավրոսին ես ճանաչում եմ, նորմալ մարդ է, նորմալ ժողովուրդ են… Միանշանակ, օգնելու ենք Տավրոս Սափեյանին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել էր նա:

«Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը նաև հավելել էր, որ իրենք միշտ եղել են իշխանությունների կողքին:

«Որովհետև մենք այս իշխանություններին հավատում ենք, վստահում ենք ու լինելու ենք միշտ իրենց կողքին»,- նշել էր քրեական հեղինակությունը:

Տեսանյութեր

Լրահոս