Չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ հրահանգով է գործել. կսպասեմ ծառայողական քննությանը. Տիգրան Ավինյան
«Ոստիկանության կողմից «Եռաբլուրում» ուժի կիրառման կադրերն ինքս էլ տեսել եմ և լավ չեմ վերաբերվում և գիտեմ, որ ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանությունում: Հուսով եմ, որ այն անձինք, որոնք մեղավոր են, կպատժվեն»,- այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, այսօրվանից՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հարցին, թե արդյո՞ք ոստիկաններն առանց հրահանգի են գործել, նա պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել՝ ով ինչ հրահանգով է գործել, բայց գիտեմ, որ կա ծառայողական քննություն, և ես կսպասեմ դրա ավարտին»:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի հրաժարականի պահանջին, Ավինյանն ասաց. «Տարբեր պահանջներ կարող են տարբեր փոքր խմբեր ունենալ: Ես կարծում եմ, որ տեղի ունեցածը շատը բացասական երևույթ է, դատապարտելի է, և կա քննություն, որը պետք է պարզի: Միշտ, երբ կա խնդիր կամ սխալ, սահմանադրությունում կարող էինք ունենալ կետ, որ՝ այո, մարդկանց կարելի է գնդակահարել, բայց ամեն մի զանցանքին կամ հանցանքին համապատասխան պատիժ է հասնում»: