«Որքան ձգձգվում է շինարարությունը, այնքան աճում է գույքահարկը». Դավիթ Խաժակյան

Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներառված հարցերի թվում էր նաև «Գույքը որպես նվիրաբերություն» ընդունելու մասին հարցը: Խոսքը «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Երևանի Կասկադ համալիրի զբաղեցրած հողամասի չկառուցապատված հատվածի մասին է:

«Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն  իր ելույթում նշեց, որ  մի քանի նման դեպք է հիշում, երբ քաղաքի այդպիսի կարևոր հատվածում տարածք է վերադարձվում՝ այն բարեկարգելու նպատակով:

«Այս մեկը ևս շատ հատկանշական է, որովհետև այստեղ կարող էր ակնհայտորեն լինել բիզնես կոմպոնենտ, և պատկերացնում եմ, որ ջանք գործադրելու իմաստով այն հետ բերելն ավելի մեծ ջանք կպահանջեր: Գիտենք, որ և կենտրոնում, և քաղաքի մյուս հատվածներում առկա են բազմաթիվ այլ անավարտ շինարարություններ, դեպքեր, երբ շենքը կանգնած է և տարիներ շարունակ այդ վիճակում մնացել է: Եվ հիմա, երբ քննարկում ենք, որ կենտրոնում շինթույլտվությունների մեծ պահանջարկ կա, պետք է ֆիքսենք, որ ունենք նաև այսպիսի հատվածներ, որտեղ կան փոսորակներ, արդեն կանգնած շինություններ, բնական է, որ մասնավորից որևէ մեկը չի կարող այն խլել:

Բայց ուսումնասիրելով միջազգային փորձը՝ տեսնում ենք, որ կարելի է կիրառել գույքահարկի պրոգրեսիվ աճման տարբերակը, որը ենթադրում է  նաև օրենսդրական նախաձեռնություն: Հստակ է՝ որքան ձգձգվում է անավարտ շինարարությունը, այնքան աճում է տվյալ տարածքի կամ գույքի գույքահարկը, և սահման չկա: Այսինքն, եթե մարդը պատկերացնում է, որ մայրաքաղաքի կենտրոնում կարող է տիրապետել սեփական տարածքը, բայց այն թողնել նման վիճակում, ապա պետք է  հասկանա, որ դա ունի որոշակի գին, և այս  դեպքում ոչ միայն քաղաքի վրա է այդ գինը, այլև աճող գույքահարկի տեսքով է»,- նշեց Խաժակյանը՝ առաջարկելով հետագա քննարկումներում դիտարկել իր ներկայացրած հնարավորությունը, որպեսզի սա ստանա համակարգային լուծում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս