«Ոչ ոք չպետք է արգելի գերագույն գլխավոր հրամանատարին մտնել «Եռաբլուր». այն բոլորինն է». Դավիթ Խաժակյան

«Կա կուսակցության որոշում՝ մասնակցելու ենք հաջորդ քաղաքային ընտրություններին: «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորելու եմ ես»,- լրագրողների հետ զրույցում ասաց  «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա անդրադարձավ նաև օրերս Սուրմալուի պատի փլուզմանը և կարծիք հայտնեց, որ  սխալ է սլաքներն ուղղել քաղաքապետարանին՝ այն պարզ պատճառով, որ արտակարգ իրավիճակը կառավարվել է տեղում, ինչ-որ խնդիրներ լուծվել են, շենքը մնացել է այդպես կիսավեր վիճակում, և պարզ է եղել, որ այն փլուզվելու է:

«Եվ, եթե այսօր էլ շարունակությունը չապամոնտաժվի՝ նոր փլուզումներ լինելու են: Այդ շենքը տվյալ պարագայում մասնավոր սեփականության տիրույթում է, բայց կարծում եմ, որ այս կամ այն կերպ ԱԻՆ-ի կողմից պետք է լինի հստակ ցուցում՝ շենքը ապամոնտաժելու: Եվ պետք չէ որևէ այլ կառույցի մատնանշել: Եթե մենք հասկանում ենք, որ դա փլուզվող շենք է, գիտեմ նաև, որ իրավական գործընթացներ կան, և այդ շենքը համարվում է իրեղեն ապացույց, ամեն դեպքում դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ այն չապամոնտաժելու համար: Այն մի՛ դեպքում կարող է չապամոնտաժվել, եթե ամբողջությամբ սահմանազատված է»,- մանրամասնեց Խաժակյանը:

Նա ասաց, որ քաղաքում կան շատ այլ, ոչ սեյսմակայուն, փլուզման վտանգի տակ եղած մասնավոր շենքեր, թող քաղաքապետարանին դիմեն քանդման համար, քանի որ քաղաքապետարանը մասնավոր տարածքում քանդման գործառույթ ունեցող մարմին չէ:

Կարդացեք նաև

«Ես կարծում եմ, որ իշխանական համակարգում թիվ մեկ խնդիրը հենց այդ պատասխանատվության պինգ-պոնգն է: Մի կառույցը գցում է մյուսի վրա: Եթե նույնիսկ քաղաքապետարանն այդտեղ ունի թերացում, մեղադրանքն ուղղում եմ նաև քաղաքապետարանին: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ, ովքեր որևէ գործառույթ են իրականացրել՝ պատասխանատու կերպով չեն մոտեցել, հետևողականություն չեն ցուցաբերել: Մեր պետության կառավարչական համակարգի հիմնական պրոբլեմը պատասխանատվության զգացման պակասն է ու վարչարարական պինգ-պոնգը»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ սեպտեմբերի 21-ին որպեսզի Նիկոլ Փաշինյանը գնար Եռաբլուր, զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ տարածքից հանեցին, Դավիթ Խաժակյանը արձագանքեց. «Ցավոք, մենք տեսնում ենք, որ շատ դրվագներում ոստիկանությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ցուցաբերել ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, ես հիշում եմ, որ 2010-ականներին, երբ Բաղրամյան 26-ին մոտենալ չէր կարելի, սևազգեստ մայրերը փորձում էին մոտենալ, իրենց պահանջը ներկայացնել, և ոստիկանները կրկին նույնպիսի ուժով քաշքշելով, փողոցով տանելով սևազգեստ մայրերին՝ բերում էին մյուս կողմ: Այս խնդիրը պետք է լուծվի ոստիկանության համակարգային բարեփոխումների միջոցով: Համոզված եմ՝  խնդիրը կարգավորված կարելի է  համարել պարեկների մասով: Ոստիկանության մյուս ստորաբաժանումները ևս պետք է բարեփոխվեն»: Խաժակյանը հավելեց նաև, որ իր երևակայության մեջ չի կարող տեղավորվել, որ հայաստանյան որևէ քաղաքական գործիչ՝ լինի իշխանական թե ընդդիմադիր, կարող է նման քաղաքական հրահանգ տալ:

«Քաղաքական գործիչները շատ ավելի նրբազգաց են նման հարցերում»,- ասաց «Լույս» դաշինքի ղեկավարը:

Հարցին՝ Ոստիկանապետը պե՞տք է հրաժարական տա, Դ.Խաժակյանը պատասխանեց, որ գնահատական չի կարող տալ, քանի որ տեսել է ոստիկանապետի, ոստիկանության արձագանքը:

«Պետք է ասեմ, որ Եռաբլուրը տարբեր քաղաքական ուժերի կողմից դարձել է կռվան, և ակնհայտորեն կա տարրալուծում՝ քաղաքական մտածողություն ունեցող մարդկանց և զոհված զինծառայողների ծնողների միջև: Ես չեմ ասում՝ քաղաքական շահերի տարրալուծում: Կարծիքների, մոտեցումների տարրալուծում, որը բերում է նաև նրան, որ տարբեր խմբեր պարբերաբար հայտարարում են, որ այս կամ այն իշխանական ներկայացուցիչը, քաղաքական դերակատարը չպետք է մտնի Եռաբլուր: Ես կարծում եմ, որ սա պետք է փորձենք բացառել: Ես չեմ կարող դատապարտել որևէ ծնողի էմոցիոնալ պոռթկում, բայց դիսկուրսը, որ այս կամ այն պաշտոնյան չպետք է մտնի Եռաբլուր, պետք է վստահորեն դադարեցվի, որովհետև Եռաբլուրը բոլորինն է, նաև այն մարդկանցը, ովքեր փորձում են իրենց հարգանքի տուրքը մատուցել:

Ես չեմ ընդունում և ժամանակին էլ չեմ ընդունել որևէ տեսակետ, երբ Գերագույն գլխավոր հրամանատարին, այդ թվում՝ սկսած Սերժ Սարգսյանի ժամանակահատվածից, անմիջականորեն մեղադրել են զոհերի մեջ: Մենք ունենք արտաքին ագրեսիայի ենթարկված պետություն, և ցանկացած նման պարագայում գերագույն գլխավոր հրամանատարը՝ լավ կամ վատ, կատարում է իր գործառույթը, և դա չպետք է դառնա շահարկման առարկա, առավել ևս՝ պատճառ, որպեսզի որևէ խումբ այլ խմբի արգելի գնալ հերոսների գերեզմանատուն և ծաղիկ խոնարհել»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս