«Չեմ պատկերացնում, որ վերջերս կառուցված դպրոցի շենքի տանիքը փլվի». Տիգրան Ավինյան

«Վերջին ուժգին քամուց Երևանում տապալվել էր 50 ծառ, քանդվել էին դպրոցների տանիքներ». սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը:

«Չի կարող 2021 թվականին նման քամուց այս տարի շահագործման հանձնված դպրոցի տանիք քանդվի կամ 50 ծառ արմատախիլ արվի, լավ է, որ մարդկային կյանքերի ոչ մի խնդիր չենք ունեցել: Ծառը, որ Դեմիրճյան 11 փողոցում տապալվել էր մեքենայի վրա, այդտեղի բնակիչները մի քանի անգամ դիմել են այդ ծառի համար, իրենք դա համարել են վտանգավոր: Պետք է ուսումնասիրվեն ու նախօրոք հատվեն ծառերը, եթե շրջվելու ենթակա են»,- ասաց ավագանու անդամը:

Ի պատասխան՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ քաղաքում կան խնդիրներ,  տապալված ծառերը հիմնականում Կենտրոն վարչական շրջանում են եղել, դրանք բավականին հին ծառեր են, և պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի ծառերը փոխարինվեն:

Երևանի փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանն էլ նշեց. «Քանի որ անվտանգության հարց բարձրացվեց, ես համաձայն եմ, որ 2021թ.-ին կառուցված դպրոցի տանիքը քամին քշի-տանի՝ պարզ է, որ այստեղ խնդիր կա:  Տեսեք, Երևանում մենք ունենք 120 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր: Մինչև օրս մարդիկ գնում են քաղաքապետարան, որոնք ուզում են Երևանի կենտրոնի բակում 23 հարկանի շենք կառուցել: 120 շենք վթարային է, եկեք մի հատ դրանց անդրադառնանք, հասկանանք՝ դրանք ոնց ենք քանդում, նոր շենքեր կառուցում, այդ ժողովրդին տեղավորում: Այս ձևով  պետք է համագործակցենք մասնավորի հետ ու շատ հարցեր կլուծենք»,- ավագանու արտահերթ նիստին քննարկման  ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս