Բաժիններ՝

«Լույսը բացվեց, խաբարն եկավ, որ զոհվել է․․․»․ 19-ամյա Էդմոնը 1 ամիս առաջ էր արձակուրդ եկել՝ քրոջ հարսանիքին մասնակցելու

Սեպտեմբերի 13-ին թշնամու  սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 19-ամյա Էդմոն Սարգսյանը Երևանի Հաղթանակ թաղամասից էր, ընտանիքի միակ որդին, ունի մեկ քույր։

Էդմոնը ծնվել էր 2003 թվականի փետրվարի 21-ին։ Սովորել և ավարտել էր Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցը։ Ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ լուսանկարչության բաժին:

«Ժպիտը Էդմոնից անպակաս էր, ամենադժվար պահին էլ միշտ ժպտում էր ու ասում՝ մի մտածիր, մեկ ա, վերջում լավ է լինելու։ Ամեն ինչին միշտ ժպիտով էր պատասխանում, ամեն ինչում դրականն էր տեսնում․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդմոնի հորաքրոջ որդին՝ Վարդան Համբարձումյանը։

Էդմոնը 2021 թվականի ամռանն էր զորակոչվել, Ջերմուկի դիրքերն էր պաշտպանում։

Կարդացեք նաև

«Ծառայությունից շատ գոհ է եղել, ոչ մի խնդիր չի ունեցել, հավեսով ծառայել է։ Զորամասում այդպիսի զինվոր կամ սպա չի եղել, որ իրեն չսիրեր, չհարգեր։ Դիրքերից որ զանգում էր, տրամադրությունը բարձր էր լինում, ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է։ Ամռանը պետք է զորացրվեր․․․»,- պատմեց Վարդանը։

Էդմոնը նախքան ծառայության մեկնելը նաև երաժշտական հետաքրքրություններ ուներ, հատկապես ռեփ էր սիրում, որոշել էր զորացրվելուց հետո լուսանկարչությանը զուգահեռ՝ նաև այս ոլորտում խորանալ ու հաջողություններ գրանցել․

«Մոտ 3 տարի կլիներ, որ սկսել էր ռեփ կարդալ, շատ էր սիրում, Yօutube-ում երգեր ունի հրապարակած»։

Վերջին անգամ Էդմոնը 1 ամիս առաջ էր տուն եկել՝ մասնակցելու հարազատ քրոջ հարսանեկան արարողությանը։

«Անցած ամիս քույրիկի հարսանիքն էր, 3 օրով արձակուրդ էր եկել։ Սրանից 2-3 ամիս առաջ էլ 5 օրով էր եկել։ Էս անգամ էլ պետք է դիրքեր բարձրանար-իջներ, էլի գար, բայց․․․

Գիշերը, երբ իրենց խփել են, հենց էդ առավոտ պետք է պոստեր բարձրանային, բայց չեն հասցրել, չաստում քնած են եղել՝ Ջերմուկի զորամասում։

Մեզ հասած տեղեկություններով՝ թշնամին առաջինը խփել է կազարմեքին, որտեղ զորքը քնած է եղել, հետո էդ պայթյուններից զորքն արթնացել, վազել է դուրս։ Մնացածն արդեն ինչ կատարվել է՝ դրսում է եղել․․․»,- պատմեց Էդմոնի եղբայրը։

Վարդանը հիշում է եղբոր հետ վերջին խոսակցությունը՝ պատերազմը սկսվելուց 1 օր առաջ էր․

«Վերջին անգամ ես ու մյուս ախպերս ենք խոսել Էդմոնի հետ, սեպտեմբերի 12-ի առավոտն էր։ Մոտ 15-20 րոպե խոսեցինք։ Գիշերը, որ իմացանք՝ կռիվ է, մի քանի ուղղություններով թշնամին խփել է, անընդհատ զանգել ենք, ամբողջ գիշեր արթուն ենք եղել՝ զանգ, գրել՝ «պատասխանի, որ ամեն ինչ նորմալ է»։ Չէի՛նք մտածում, որ կարող է ինչ-որ բան եղած լինի, մտածում էինք՝ պատերազմ է, դրա համար հեռախոսն անջատված է․․․ Առավոտ լույսը բացվեց, խաբարն եկավ, որ զոհվել է․․․ Երեկ 7-ն էր․․․»։

Էդմոն Սարգսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Հաղթանակ թաղամասի զինվորական պանթեոնում։

Տեսանյութեր

Լրահոս