«Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները. Հաստատված 2 քաղաքացիական զոհ ունենք». Արգիշտի Քյարամյան
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու և միջազգային մարդասիրական իրավունքի էական խախտումներ թույլ տալու համար մի շարք քրեական գործեր են հարուցվել։ Քրեական գործեր է հարուցվել նաև դիակապտության հոդվածով, քննություն է իրականացվում։ Այս պահին, ինչպես Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց ձորում, փորձագետների հետ միասին, քննչական տարբեր խմբեր են աշխատում։ Հիմնական նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին և օբյեկտներին հասցված վնասը»,- Գեղարքունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ՔԿ նախագահի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, և իրենց խնդիրն է նաև՝ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաև ապրանքագիտական փորձաքննությունների միջոցով նյութական վնասի ընդհանուր արժեքը որոշել։ Այս պահին քննչական խմբերը երեք մարզերում այդ ուղղությամբ կատարում են գործողություններ։
«Փաստացի քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը, և այդ օրվանից սկսած ՔԿ-ն աշխատանքները տանում է: Ինքս Վայոց ձորի մարզից եմ գալիս։ Վնաս կրած բնակավայրերում որևէ զինվորական կոնտինգենտ չի եղել, և ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում 2 հաստատված զոհ ունենք, քննությունն այդ առումով շարունակվում է։ Ընդ որում, մեկ զոհը եղել է ճանապարհին՝ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է եղել։ Ունենք նաև դեպք, երբ շտապօգնության մեքենան է թիրախավորվել, եթե ճիշտ եմ հիշում, ՔԿ-ն համապատասխան լուսանկարներ ու հաղորդագրություն է տարածել»,- հավելեց նա։
ՔԿ նախագահն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի հստակ ֆիքսվի Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, որպեսզի միջազգային ատյաններում հնարավոր լինի բարձրացնել այդ հարցերը։
«Մենք մեր հավաքած ապացույցները տրամադրում ենք նաև այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին։ Հավաքած ապացույցների մի մասն արդեն տրամադրել ենք, շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, և ամեն օր տրամադրվում է նոր տեղեկատվություն։ Նաև իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են, և Եվրոպական դատարանից արդեն կա միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում։ Թվերի մասին այս պահին չեմ խոսի»,- եզրափակեց Արգիշտի Քյարամյանը: