Ալեն Սիմոնյանը՝ դիլետանտիզմի, պոպուլիզմի ու անգրագիտության խառնարանում
Երեկ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն աղմկահարույց հայտարարություն արեց:
«Մեծ հաշվով իրադրությունը Շտաբի պետի հայտարարությունից այս կողմ քիչ փոփոխություն է կրել: Ինչպես արդեն նշվել է, հակառակորդը 6 տեղում հարձակում է իրականացրել: Հարձակումների մեծ մասը եղեել է դիրքային, և պետք է ասեմ, որ ի պատիվ մեր բանակի, մեր զինվորականների՝ շատ թեժ մարտեր են եղել, և մեր զինվորականները մեծ դիմադրություն են ցուցաբերել և որոշ տեղերում հետ են գրավել դիրքերը, որոնք ենթարկվել են հարձակման: Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որ հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք կամ դուրս կմղվեն, կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ: Մխրճվել են մի քանի տեղ, և պետք է նշեմ, որ, փառք Աստծո, որևիցե բնակավայր գրավված չէ, և որևիցե բնակավայրում հակառակորդ չկա, բայց, ինչպես ասվել է, Ադրբեջանը տարբեր տեղերում ագրեսիա է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, և այսօր գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Մինչ նրա հայտարարության առաջին հատվածին անդրադառնալը նկատենք, որ Ալեն Սիմոնյանը խճճվում է իր ասածների մեջ, և հարցազրուցավարի մտքով չի էլ անցնում մեկ-երկու լրացուցիչ հարց տալ՝ որոշ պարզաբանումներ ստանալու համար:
Նախ Ալեն Սիմոնյանն ասում է, որ ադրբեջանցիների խմբերը մխրճվել են մի քանի տեղ, ապա հավելում, որ «փառք Աստծո, որևիցե բնակավայր գրավված չէ, և որևիցե բնակավայրում հակառակորդ չկա», քիչ անց շարունակում, որ նրանք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում:
Հարց է առաջանում՝ եթե որևէ բնակավայրում հակառակորդ չկա, բա այդ խմբերը որտե՞ղ են, եթե իր ասելով՝ Հայաստանում են…
Բայց սա դեռ մի կողմ, սրանով թող հոգեվերլուծաբանները զբաղվեն: Մենք անդրադառնանք ԱԺ նախագահի այն հայտարարությանը, թե «Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որ հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք կամ դուրս կմղվեն, կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»:
Արձանագրենք, որ Ալեն Սիմոնյանը Հանրայինի եթերում սկանդալային, իր պաշտոնեական լիազորություններից չբխող, իրենց թիմի առաջնորդի ոճով պոպուլիստական հայտարարություն է արել՝ առանց հետևանքների մասին մտածելու նեղություն կրելու:
Իհարկե, Ազգային ժողովի նախագահը, լինելով Անվտանգության խորհրդի հրավիրյալ անդամ, տիրապետում է որոշակի տեղեկատվության, մասնակցում է ԱԽ նիստերին, միգուցե նաև կարծիք հայտնում քննարկումների ժամանակ, բայց ԱԺ նախագահն այդ տեղեկատվության ձեռքբերողը չէ, և իրավունք չունի Հայաստան ենթադրյալ ներթափանցած խմբավորումների մասին հրապարակային խոսել: Նրա հրապարակած ինֆորմացիան իր լիազորությունների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում ստացած ինֆորմացիա չէ, այլ այլ մարմնի լիազորության արդյունքում ստացած, և Ալեն Սիմոնյանն այդ ինֆորմացիայի տիրապետողը չի:
Ուշագրավ է, որ երեկ Ջերմուկում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստան ներթափանցած թշնամական խմբի մասին:
«Հակառակորդը Ջերմուկի հատվածում մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, և, որ այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով»,- ասաց նա:
Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տեղեկացրել է, որ ադրբեջանական որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, ավելին՝ շրջափակման մեջ:
«Մեկ խումբ՝ կտրված իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթի վրա: Եվ կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ սնունդ, ջուր, լինի հատուկ պատրաստված ստորաբաժանում, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվությամբ կսպառվեն, և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից: Այսինքն, մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, և մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբը այդտեղից կհեռանա: Չենք թույլատրի, որպեսզի ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաներ շարժ դեպի մեր տարածք, ներկա դրությամբ էլ չկան, իրենք չեն կարողանում ապահովել իրենց սնունդն ու ջուրը: Եվ իր կենսունակությունը կորցնելով, խումբը հետ կքաշվի և կմիանա Ջերմուկի մատույցներից առավել մեծ հեռավորության վրա գտնվող իրենց ստորաբաժանումներին: Հակառակորդի մեկ խումբը 10-12 զինծառայող է, ոչ ավելի»,- նշել է գեներալ Ասրյանը՝ վստահեցնելով, որ իրադրությունը ՀՀ ԶՈՒ հսկողության տակ է:
Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նաև տեղեկացրել էր, որ Ջերմուկի հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել։
«Տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի խումբը հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման: Դա փաստ է, տեսախցիկներով դիտարկված: Դա է իրադրությունը: Վախենալու, հուսահատվելու ոչ մի բան չկա»,- շեշտել էր Ասրյանը։
Նկատենք՝ ԳՇ պետն ասել է՝ ներթափանցել է մեկ խումբ՝ 10-12 հոգանոց թվակազմով, որը չի կարող տեղաշարժվել: Ալեն Սիմոնյան ասում է՝ ներթափանցել է 1-2 խումբ, որոնք մխրճվել են ՀՀ տարածք: Չի էլ ասում, որ հայկական Զինված ուժերը դրանց գցել են շրջափակման մեջ: Այսինքն՝ ստացվում է, որ հայկական կողմը չգիտի՝ որտեղ են այդ մարդիկ, նրանց իբր փնտրում են, ինչը նշանակում է, որ կարող են լինել ինչպես Երևանում, այնպես էլ որևէ մարզում կամ մարզերում՝ դրանից բխող հետևանքներով:
Դիլետանտիզմի ու անվտանգային գրագիտության իսպառ բացակայության մաստեր կլաս երեկ ցուցադրեց Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանական երկրի՝ իր կարևորությամբ երկրորդ պաշտոնյան՝ պատերազմական վիճակում գտնվող ազգաբնակչությանը ենթարկելով հոգեբանական դիվերսիայի ու խուճապ տարածելով, և սա այն դեպքում, երբ բոլորս գիտենք՝ ՀՀ սահմանները գործնականում անպաշտպան են:
Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեկնաբանողի գործառույթներ ստանձնած Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) այս առնչությամբ որևէ բան ճշտելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. ԱԱԾ-ն հեռախոսազանգերի չէր պատասխանում: Մինչդեռ շատ հարցեր են առաջանում՝ եթե ներթափանցման մասին տեղեկություն կա, ինչպե՞ս է, որ չկա դրանց տեղակայման մասին ինֆորմացիա: Կամ երբ ԱԺ նախագահը հույս ունի, որ նրանց շուտ կվնասազերծեն, որտեղի՞ց ունի այդ հույսը, եթե հայտնի չէ՝ գոնե մոտավորապես որտեղ են գտնվում:
Ըստ ամենայնի, Ալեն Սիմոնյանը Հ1-ի եթերում խոսում էր ԳՇ պետի հայտնած խմբի մասին, բայց քանի որ պոպուլիստ են և մակերեսային, մոտավորապես ներկայացնում էր լսածը կամ իմացածը, կամ ավելի վատ՝ ընկալածը:
Ինչևէ, հուսանք, ԱԱԾ-ն կվերադառնա իր գործառույթների իրականացմանը, և մենք կարճ ժամանակում այնուամենայնիվ, կիմանանք՝ Ալեն Սիմոնյանի ասածը նո՞ր խմբեր էին, թե՞ ԳՇ պետի ասածը: