«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Արցախում բոլորը միակարծիք են՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի». Արմեն Պետրոսյան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 14-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամության մասին.
«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը. մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք՝ «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս անց նոր պատերազմ կսկսի: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն:
Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որ սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ. ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո ՀՀ-ի հետ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունից հետո Արցախի նախագահի, արտգործնախարարի, ԱԺ նախագահի, պատգամավորների ու բազմաթիվ այլ պաշտոնյանների կողմից եղան հրապարակումներ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և արցախահայության համար Արցախի անկախության հարցի առաջ տանելն ու ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ օրակարգում։
Խորհրդարանում հնչած հայտարարության օրվա նույն երեկոյան, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում բոլորը մեկ բան էին հասկացել՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասաց, որ պատրաստվում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։ Այդ պատճառով էլ Երևանում, Գյումրիում ու Ստեփանակերտում հենց այդ օրը երեկոյան տեղի ունեցան հանրահավաքներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
168.am-ի հետ զրույցում «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողներից, հանրահավաքի մասնակից Արմեն Պետրոսյանը նախ հիշեցրեց, որ մինչև Ստեփանակերտում բազմամարդ հանրահավաքը, իրենց ստեղծած շարժումը նպատակ ուներ հասարակության տարբեր շերտերին միավորել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ինչը և հաջողվել է։
«Հասարակության տարբեր շերտերի ու տարբեր քաղաքական ուժերի ասել ենք՝ եկեք հավաքվենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, և այդ գաղափարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է, Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովումն է և այլն, այսինքն՝ այն «կարմիր գծերը», որոնք հատելու դեպքում կա՛մ արցախահայությունը ենթարկվելու է ցեղասպանության, կա՛մ բռնի ասիմիլյացիայի»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Նա նաև փոխանցեց, որ Արցախում կա մեկ գաղափար, որը կիսում են բոլորը՝ անկախ նրանից՝ կլինի հանրապետության նախագահը, թե պարզապես շարքային քաղաքացի, այն է՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Հանրահավաքում երկու անգամ ելույթ է ունեցել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, և նրա ներկայությունը հանրահավաքին ցույց է տալիս այն հանգամանքը, որ իշխանությունները ժողովրդի հետ են, ավելին՝ ԱԺ նախագահը հրապարակից կոչ արեց, որպեսզի ԱԺ բոլոր աշխատակիցները դուրս գան և մասնակցեն հանրահավաքին։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ այս հարցում Արցախում բոլորը միակարծիք են՝ նախագահից մինչև շարքային քաղաքացի»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։
Նա չմեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում արած հայտարարությունը, սակայն հստակ նշեց, որ 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» հակաարցախյան էր։ Այդ հեղափոխության շարժիչ ուժն այն մարդիկ էին, որոնք Արցախը բեռ էին համարում Հայաստանի համար։
«Այսօր այլևս արցախյան հարց գոյություն չունի, այլ կա հայկական հարց, և տեղի ունեցած մարտական գործողությունները, որոնք, ըստ իս, ունենալու են շարունակություն, խոսում են նրա մասին, որ արդեն գոյություն ունի հայկական հարց։
Պարզապես մեկ բան պետք է գիտակցենք՝ Նիկոլ Փաշինյանի վարչախումբն օր առաջ պետք է հեռանա իշխանությունից, և իշխանության գան ազգային և ժողովրդանպաստ ուժեր, որոնք կկարողանան մեզ այս վիճակից հանել։
Թեև ժողովրդի մեջ որոշ չափով հուսահատություն կա, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ շարունակում են գալ Վերածննդի հրապարակ, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչ կորսված չէ, և մենք դեռ կարող ենք հասնել մեր նպատակին»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։
Լուսանկարները՝ Հրայր Բադալյանի ֆեյսբուքյան էջից