«Արցախում մարդիկ փողոց են դուրս եկել փաստելու, որ Փաշինյանը Արցախի անկախության մեջ ներդրած լումա չունի և չի կարող Արցախի ճակատագիրը որոշել». Դավիթ Գալստյան
«Արցախում ժողովուրդը դուրս է եկել իր բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որի տողատակերը բոլորս էլ հասկանում ենք: Ժողովուրդը դուրս է եկել փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը լումա չունի ներդրած Արցախի անկախության մեջ և չի կարող Արցախի ճակատագիրը որոշել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Նույնը ես կուզեի տեսնել Հայաստանում՝ համազգային համախմբում, և Նիկոլին թույլ չտալ իր ապիկար պաշտոնավարման ժամանակ թույլ տված սխալների պատճառով ազգին կանգնեցնի այս իրավիճակի առաջ: Ես միանշանակ համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ այս պարտության շղթան կկտրվի»,- շեշտեց նա:
Դավիթ Գալստյանի հետ զրույցի պահին մոտ 5-6 հազարից ավել մարդ կար Ստեփանակերտի հրապարակում: Նա շեշտեց, որ մարդիկ շարունակում են միանալ, հոսքը չի դադարում, և որ ժողովուրդը համախմբվում է:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որով նա փորձեց սրբագրել ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, Դավիթ Գալստյանը հետևյալն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է այն, ինչ պետք է անի, ստուգում ժողովրդի տրամադրությունը, եթե տեսնում է, որ ժողովուրդը ըմբոստանում է, հետ է կանգնում իր ասածից:
Եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի բան ասել է, հետո որոշ ժամանակ հետո կյանքի է կոչել, քանի որ մենք 2018 թվականից գիտենք, որ նա եկել է Արցախը հանձնելու համար, և այսօր փաստով առնչվում ենք իր՝ ամենաբարձր ամբիոններից հնչեցրած հայտարարություններին, որոնցից դա երևում է»: