«Ադրբեջանը երկարատև հեռանկարում թիրախային հարվածի ուղղություն է մշակում». Շիրազ Խաչատրյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, ԱԻ նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, թե Ադրբեջանը մի քանի ուղղություններով հարձակում իրականացնելով, հնարավոր է, մարտավարական հնարք է իրականացնում` ուշադրությունը շեղելով հարվածի հիմնական թիրախից։
«Վարդենիսից մինչև Կապան թշնամին լարված է պահում առաջնագիծը, իսկ Մեղրիի ուղղությունում հանգիստ է, հնարավոր է՝ թշնամու հարձակման հիմնական թիրախը դառնա հենց Մեղրին»,- գրել է նա:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական գրոհների ծավալման ուղղությունները բավականին ընդարձակ են, և պարզ չէ՝ իրականում ինչ խնդիրներ են լուծում, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածի կտրվածքով։
«Վարդենիսի, Վերին Շորժայի, Նորաբակի, Կութի, Ջերմուկի, Գորայքի և այլ ուղղություններով թշնամու կողմից որոշ հատվածներում առաջխաղացման փորձեր են եղել, նաև՝ բարձունքներում տեղակայվելու գործողություններ են իրականացվում։ Այսինքն, կարճատև փուլում իրենց խնդիրը կատարել են, բայց երկարատև հեռանկարում կամ ժամանակահատվածում թիրախային հարվածի ուղղություն են մշակում։ Զարմանալի զուգադիպությամբ՝ առավել հանգիստ է Մեղրիի ուղղությունը: Պատճառը, կարծում եմ, այս դեպքում Իրանի գործոնն է:
Երբ Ադրբեջանը հայտարարել է Սյունիքով, հատկապես՝ Մեղրիի մայրուղով միջանցք բացելու, սահմանները փոփոխելու մասին, Իրանը միշտ շատ խիստ է արձագանքել: Նույնիսկ մի քանի անգամ նախազգուշական զորավարժություններ է անցկացրել Արաքսի ափին: Բաքուն էլ փաստացի ի գիտություն է ընդունել, չի փորձում բացահայտ սադրանքի դիմել հենց Իրանի սահմանում, և, ըստ իս, որոշել է իրականում միջանցքային տրամաբանությամբ այլընտրանքային այլ դիտարկվող ուղղություններով բացահայտ ագրեսիայի դիմել։
Իրավիճակը բավականին մտահոգիչ է, Հայաստանի ողնաշարը համարվող Սյունիքի Գորայքը, Իշխանասարն իրենց շրջաններով ՀՀ սահմանային ամենանեղ հատվածներն են, և եթե կարճատև փուլում թշնամուն հաջողվի, մասնավորապես, այդ հատվածներում կարևոր բարձունքներում տեղակայվել, ապա հաջորդ փուլում, մյուս հնարավոր ագրեսիայի դեպքում, արդեն կարող է փորձեր ձեռնարկել Սյունիքը կտրել Վայոց ձորից: Եվ այդպիսով փաստի առաջ կանգնեցնելով բոլորին, այդ թվում՝ Իրանին, որը ֆորսմաժորային այդպիսի իրավիճակում հնարավոր է ժամանակային առումով ոչինչ էլ չհասցնի անել, և ստիպված հաշվի նստել տվյալ իրավիճակի հետ։ Մի քիչ սցենարային առումով գուցե այս պահին ասածս ֆանտաստիկ է հնչում, բայց, ցավոք սրտի, ամեն ինչ հնարավոր է»,- եզրափակել է փորձագետը:
Ի դեպ, դեռ այս տարվա հունիսին «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ տարբեր ժամանակահատվածներում ադրբեջանական զորքերը, հատկապես Սյունիքի սահմանային հատվածներում առաջխաղացումներ են ապահովել: Մասնավորապես՝ Ջերմուկի, Իշխանասարի, Սև լիճ-Խոզնավար հատվածի, Արավուսի, Ճակատենի, Ներքին Հանդի, Նռնաձորի ուղղություններում կարևոր ռազմավարական կետեր են գրավել, որոնք բոլորն էլ ՀՀ սուվերեն տարածքի մաս են, և, որ նրանք չեն դադարում ակտիվ ինժեներական աշխատանքներ կատարել հայկական տարածքում ու գնալով ամրապնդվում են նշված հատվածներում։
Արդեն հուլիսին 168.am-ի հետ զրույցում Շիրազ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Մեղրին և Ագարակն իրար կապող մայրուղու հատվածում ռուսական սահմանապահ ծառայությունը հսկիչ կետեր է ավելացրել, և, որ տեղի բնակիչների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ ադրբեջանցիների հետ բանակցություններ են ընթանում նույնիսկ Նռնաձոր գյուղի շուրջ, քննարկվում է այն թշնամուն հանձնելու հարցը։
Ի դեպ, այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը։
«Ադրբեջանը սկսում է Նռնաձորից ու խոստանում ավարտել Երևանում` Արցախն իր կազմում չճանաչելու դեպքում»,- շեշտել է նա: