Վահագն Խաչատուրյանն արդյունավետ է համարում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին:
Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության 30-ամյակը նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ մասնակից է եղել այդ համագործակցության մեկնարկին: «Ականատես եմ եղել, թե որքան կարևոր էր 1990-ականների սկզբին Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը: Դա այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք, թե որոնք են մեր առաջնահերթությունները և կարևոր քայլերը: Մենք շատ կառուցողական ծրագրեր ենք արել և ունեցել շատ արդյունավետ համագործակցություն»,- ասել է նախագահը։
Նշվում է, որ հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է տարբեր ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, թվայնացման բնագավառներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող աջակցությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և մեկտեղել ջանքերը՝ համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու նպատակով: