«Փաշինյանը քծնում է Պուտինին, սակայն Պուտինը վստահում է Ալիևին». Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի «ջերմ» խոսքերին չեն հավատում

Վլադիվոստոկում անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հաճոյախոսությունները, ընդգծված և չափից դուրս դրական վերաբերմունքն ուշադրության արժանացավ ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում:

Փաշինյանին, ով Մոսկվայում ռուսամետ է, Բրյուսելում՝ արևմտամետ ու դեմոկրատ, Մոսկվայում ռեգիոնով զբաղվող դիվանագիտական շրջանակները հետևում են ուշի ուշով:

Օրերս գրել էինք, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն իր պահվածքով նույնիսկ գերազանցեց ինքն իրեն, ինչը նկատել են նաև համապատասխան դիվանագիտական շրջանակները:

Մոսկվայի 168.am-ի դիվանագիտական աղբյուրը նշեց, որ երկկողմ վատթարացող հարաբերությունների իրավիճակում Փաշինյանն ինչ-որ կերպ նման շփումների ընթացքում ձգտում է Պուտինի հարգանքը, վստահությունը ձեռք բերել:

Սակայն, ըստ նրա, հարցն այն է, որ Պուտինը փորձառու քաղաքական գործիչ է, ու նման, նրա գնահատմամբ, պրիմիտիվ քայլերը չեն կարող որևէ ազդեցություն ունենալ, հատկապես, երբ դիտարկվում է ոչ թե գործչի երկու ժամ արած հայտարարությունները, այլ նրա երկարաժամկետ քաղաքականությունը:

«Եթե համեմատենք, Պուտինն Ալիևին վստահում է, թեև Մոսկվային Ադրբեջանի քաղաքականության մեջ շատ բան դուր չի գալիս, Ադրբեջանն ունի իր հաշվարկները, իր շահերը, սակայն Ալիևը երբեք չի «քաշել» Պուտինին: Երբ նրանք ինչ-որ բան են պայմանավորվում, Ալիևը պահում է իր խոսքը և դրանից անմիջապես հետո չի թակում Արևմուտքի դուռը կամ այլ բան պայմանավորվում: Երբ մենք խոսում ենք Փաշինյանի հետ, վստահություն չունենք, որ մեկ ժամից այդ ամենի մասին չեն իմանա Վաշինգտոնում կամ Փարիզում: Այսինքն՝ սա վստահության բաղադրիչ է, այն պարզապես չկա՝ ինչ էլ որ չասեն»,- ասացին 168.am-ին:

Ըստ մեր աղբյուրի տպավորության, Փաշինյանը նման պահվածքով հայ ժողովրդին ցույց է տալիս, որ Պուտինի հետ է շփվում, որով փորձում է ներսում գործընթացը «պահել»:

Հիշեցնենք, որ օրերս Վլադիվոստոկում ընթացող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ շնորհակալություններ, գովեստի խոսքեր ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նշելով նույնիսկ, որ տպավորված է հարցերին արձագանքելու՝ Պուտինի օպերատիվությունից:

Տեսանյութեր

Լրահոս