«Ադրբեջանի այդ ոճին ծանոթ ենք, բայց չի նշանակում, հանգիստ պետք է նստենք ու ասենք, թե դա ոչինչ չի նշանակում». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառման մեջ որևէ նորություն չկա, քանի որ Ադրբեջանը մշտապես ունեցել է նման գործելաոճ, և դրանք մշտապես փորձել են օգտագործել բանակցությունների ընթացքում։
Իսկ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հերթական անգամ Ադրբեջանը սահմանային սադրանքի գործընթաց է նախապատրաստում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև խաղաղության գործընթացի համար իրականացվող բանակցություններում թե Հայաստանի գործող իշխանությունների քայլերին, և թե Ադրբեջանի նախագահի հայտարարություններին.
«Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե ընտրություններից առաջ, թե հետո, որ այսօրվա իշխանությունը չի կարող բանակցել, մենք բանակցային պրոցեսը շարունակում ենք։ Ձեր նշած անձնավորությունը՝ հարևան երկրի, խոսում է խաղաղության մասին, մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին, մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ խաղաղությունը երկու ձևով են լուծում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով։ Մենք նաև բանակի ուղղությամբ սկսած օրենսդրական նախաձեռնություններով և վերջացրած կադրային մեծ փոփոխություններով առաջ ենք գնալու, որը, ի դեպ, հաճախ ասում են, թե բանակը գլխատեցին, որևէ նման բան չի եղել։ Ակնհայտ է, որ այժմ մեծ փոփոխություններ կան, կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարար Պապիկյանը բավականին հաջող իր աշխատանքը կատարում է։
Ադրբեջանի կողմից նման հայտարարություններ միշտ եղել են, դա մի մարտավարություն է, որպեսզի ճնշում ունենան տարբեր բանակցային ֆորմատների վրա։ Այս ոճին ծանոթ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք հանգիստ պետք է նստենք ու ասենք, թե դա ոչինչ չի նշանակում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ՊՆ-ի ներկայացրած նախագծին, ըստ որի՝ 24 մլն դրամ վճարելուց հետո, պարտադիր ժամկետային զինծառայողը կարող է անցնել 6-ամսյա դասընթաց և ազատվել բանակից, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ կարծում է՝ հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար պետք է բանակը դնեն արհեստավարժ հիմքերի վրա։
«Այսօր շատերը տարբեր ձևակերպումներով և առհասարակ 30 տարիների ընթացքում տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից։ Կարծում եմ՝ այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ։ Ըստ իս, մեկ զինվորի՝ նման պայմաններով ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ, սպասարկել, և ինքն ավելի մարտունակ կլինի»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։
Խոսելով օրերս Բաքվից հայրենիք վերադարձած 5 ռազմագերիներից և հարցին՝ առաջիկայում ռազմագերիների վերադարձ սպասվո՞ւմ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ առաջիկայի հետ կապված որևէ բան չի կարող ասել, միջնորդությունները րոպե առ րոպե չեն դադարում։ Նա վստահեցրեց, որ բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները կան և կլինեն այնքան ժամանակ, մինչև բոլորը հայրենիք չվերադառնան։
Հիշեցնենք Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման մանրամասները.
«Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Բնականաբար, հայկական կողմի համապատասխան պաշտպանական գերատեսչությունները հերքում են այդ լուրերը՝ նշելով, որ հայկական կողմի որևէ զինվորական օղակ կրակ չի բացել Ադրբեջանի ուղղությամբ:
Շատերն են հարցնում, թե ինչու է Ադրբեջանն այս ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն իրականացնում. մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը: