Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մտքից. Տիգրան Ավինյանը հիասթափեցնում է
Առաջիկա օրերին ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և առհասարակ կառավարող ուժի կազմում «գորշ կարդինալի» համարում ունեցող Տիգրան Ավինյանը կդառնա Երևանի փոխքաղաքապետ՝ դե ֆակտո իրականացնելով նաև Երևանի քաղաքապետի պարտականությունները: Ի դեպ, Տիգրան Ավինյանը նաև «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է. պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 11-ին։ Վերջինս նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Փոխքաղաքապետը, իհարկե, անակնկալ նշանակում չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիգրան Ավինյանը պաշտոնապես ներկայացվել է՝ որպես Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՔՊ-ի թեկնածու, և արդեն մի քանի ամիս է՝ ըստ էության քարոզարշավ է իրականացնում՝ հանդիպելով մայրաքաղաքի վարչական շրջանների կուսակցական ակտիվի հետ, տարբեր շրջանակների հետ ու անգամ չխորշելով Սուրմալուի պայթյունի ողբերգության ֆոնին ներկայանալ՝ որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու:
Արդեն տևական ժամանակ պետական ոչ մի պաշտոն չզբաղեցնող, սակայն մինչ օրս դիվանագիտական անձնագրով ճամփորդող Տիգրան Ավինյանի խիստ կասկածելի ակտիվությունն իրավամբ հիմք էր տալիս կարծելու, և ԶԼՄ-ներում էլ թեման ակտիվորեն շրջանառվում էր, որ Նիկոլ Փաշինյանը, չսպասելով 2023թ. սեպտեմբերին տեղի ունենալիք հերթական ընտրություններին, իր թիմով պատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Անգամ Երևանի վարչական շրջանների ղեկավարները սկսեցին փոխվել՝ փոխարինվելով Տիգրան Ավինյանի մտերիմներով:
Այս ֆոնին ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էին հայտնվում, որ Տիգրան Ավինյանը նշանակվելու է Երևանի փոխքաղաքապետ, սակայն նշանակումը տեղի չէր ունենում, ինչը, իհարկե, որոշ եզրահանգումների տեղիք էր տալիս:
Այս փուլում Տիգրան Ավինյանը կնշանակվի Երևանի քաղաքապետի տեղակալ, և նա արդեն իսկ հանդիպել է մայրաքաղաքի ավագանու բոլոր խմբակցությունների հետ, ինչպես պահանջում է ընթացակարգը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրների խոսքով՝ Տիգրան Ավինյանը խմբակցությունների հետ աշխատանքային խնդիրներ է քննարկել սոսկ:
Մեզ ասացին՝ արտահերթ ընտրությունների թեման օրակարգից դուրս է եկել, և հիմա նախկին փոխվարչապետը փոխքաղաքապետ է նշանակվում պարզապես ժամանակ շահելու և մայրաքաղաքի հերթական ընտրություններին ըստ արժանվույն պատրաստվելու համար:
Իսկ պատճառը, մեր տեղեկություններով, ՔՊ-ի պատվիրած սոցհարցումներն են, որոնք փաստել են, որ Տիգրան Ավինյանը զրոյական վարկանիշ ունի ոչ միայն հավանական ընդդիմադիր թեկնածուների համեմատությամբ, այլև հենց իրենց իսկ թիմի ներսում: Ավելին, ՔՊ-ն և այլ կառույցներ սոցհարցումներով պարզել են, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշն իրենց թեկնածուի համեմատությամբ անասելի բարձր է, և առկա հակամարտության պայմաններում Փաշինյանի թիմը պարզապես կկորցնի քաղաքային իշխանությունը: Իսկ եթե հաշվի առնենք, որ առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը հատկապես Երևանում որքան ցածր է, ընտրությունների գնալու հեռանկարը նրանց է՛լ ավելի է վախեցնում:
Հենց սա է որպես ահազանգ հանդիսացել, ու ՔՊ-ում հրաժարվել են մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտություններ անցկացնելու մտքից, ինչի կազմակերպման տարատեսակ հավանական սցենարներ էին շրջանառվում՝ սկսած օրենսդրական փոփոխությամբ Երևանի վարչական սահմանները փոփոխելուց մինչև ավագանու լուծարման այլ տարբերակներ:
Տիգրան Ավինյանի ցածր վարկանիշը խորը մտահոգությունների տեղիք է տվել կառավարող ուժի մոտ, և չի բացառվում, որ իրավիճակ չփոխվելու դեպքում անգամ թեկնածուի փոփոխություն տեղի կունենա: Դրան է ձգտում նաև ՔՊ-ական պատգամավոր, իշխանությունների սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով, ըստ տեղեկությունների, դեռ հույսեր է փայփայում և հնարավոր քայլեր է անում՝ Ավինյանի թեկնածության դեմ:
Ի դեպ, ՔՊ-ականների թիմում կրքերը բավական լարված են, և թիմերի են բաժանված, որոնք այս կամ այն կերպ մարտնչում են միմյանց դեմ: Այդ մասին, ինչպես դասականն է ասում՝ հաջորդ դասին: