Քարոզարշավ՝ ավերակների և ողբերգության վրա. Տիգրան Ավինյանի «աստեղային» ժամը

Այսօր օգոստոսի 14-ին ուժգին պայթյունների հետևանքով փլուզված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք էր եկել նախկին փոխվարչապետ, ներկայումս՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

Նա լուրջ-լուրջ պատասխանում էր լրագրողների հարցերին, խոսում էր որոնողական աշխատանքների, հրավառ նյութերի կիրառման մշակույթից հրաժարվելու մասին, դատողություններ էր անում պայթյունի պատճառների մասին, նշում, որ իր սուբյեկտիվ կարծիքով՝ տեռորիստական ակտի մասին խոսք անգամ լինել չի կարող:

«Ես հատուկ ուզում եմ շեշտել փրկարար ծառայության աշխատանքի որակը, օպերատիվությունը, և ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն հայտնել: Եվ ես վստահ եմ, որ երևանցիները, ՀՀ քաղաքացիները կիսում են իմ այս կարծիքը: Սա հազվագյուտ կայացած կառույցներից մեկն է, որը շատ լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է այն, ինչ պետք է անի»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Տիգրան Ավինյանին հիշեցնենք, որ Հայաստանում ԱԻՆ-ը հազվագյուտ կայացած կառույց չէր, այդպիսիք շատ էին, քանի դեռ 2018թ. երկրին չէր պատուհասել ՔՊ-ական կործանարար աղետը: Իսկ հիմա՝ իրենց իշխանության գալուց 4 տարի անց, նույնիսկ ԱԻՆ-ից թողել են միայն հապավումն ու իներցիայով աշխատող փրկարարները: Վկան՝ աղետի գոտում օրեր շարունակ աշխատող կամավորների՝ տեղում տիրող տոտալ «բարդակի», աշխատանքների անկազմակերպվածության, ԱԻՆ ղեկավարության հրապարակային գզվռտոցի, ինչպես միշտ բնորոշ է իրենց թիմին, ամեն բան իրար վրա գցելու մասին պատմածները:

Կարդացեք նաև

Այլ տեսակետներ ևս հնչեցրեց պետական որևէ պաշտոն չզբաղեցնող, սակայն դեռևս դիվանագիտական անձնագրով աշխարհով մեկ պտտվող Տիգրան Ավինյանը․ նա ասաց, որ աշխարհի լավագույն հովացման ու օդափոխման համակարգերն անգամ իրավիճակ չեն կարող փոխել, երբ մի տեղ 4 տոննա հրավառ նյութեր կան պահեստավորված:

Բայց նույնիսկ սա չէր նրա խոսքի մեջ էական, և առհասարակ ոչինչ էական չէր, որովհետև հերթական ՔՊ-ականն էր, որ եկել էր դեպքի վայրում նկարվելու, քանի դեռ մտածված թե ակամայից Տիգրան Ավինյանը չբարձրաձայնեց իր այցի՝ ըստ էության բուն նպատակի մասին:

«Ես այստեղ եմ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և, այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Փաստացի մարդը քարոզարշավ էր իրականացնում աղետի գոտում, այլապես, երբ դեռ չի հայտարարվել ընտրությունների մասին, քարոզարշավի մեկնարկ չի տրվել, ավելին, ինքը դեռ առաջադրված չէ որպես Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու, ինչո՞ւ է հայտարարում, որ ինքն այստեղ է՝ որպես առաջադրվելիք թեկնածու:

Վաղուց արդեն սովորական է դարձել, որ այս քաղաքական թիմի միակ սրբությունն ու հավատամքն իրենց պաշտոնեական աթոռներն են, որոնց վրա մեկ օր անգամ ավել նստելու համար այս մարդիկ պատրաստ են անցնել յուրաքանչյուրի ու ամեն ինչի վրայով, բայց որ կարող են քարոզարշավ անել ավերակների, ողբերգությանը զոհ գնացած մարդկանց անթաղ մարմինների վրա, նույնիսկ իրենց պարագայում է զարհուրելի:

Ասում էին՝ Տիգրան Ավինյանն իրենց թիմի քիչ-շատ մտածելու ունակություն ունեցող փոքրաթիվ մարդկանցից էր:

Տեսանյութեր

Լրահոս