Գալու է ժամանակը, տող առ տող ցույց են տալու՝ ո՞ւր են գնացել այդքան փողերը, պետական այդքան միջոցները, ինչո՞ւ ոչնչացրեցին մեր գյուղատնտեսությունը. Աշոտ Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանն է:
- Գյուղատնտեսությունն այս իշխանությունների համար 8-րդ դարակում է, գյուղատնտեսություն չկա, հողը կորցրել ենք…
- Գյուղատնտեսության վիճակը ոչ թե վատ է, այլ շատ վատ է, գնում է ոչնչացման: Գործող իշխանությունների կողմից սա կամ դիտավորյալ է արվում, կամ չեն տիրապետում մասնագիտական հմտություններին:
- Պետք է այնպես անել, որ գիտությունը ուժեղանա, գյուղատնտեսության մեջ նոր մեթոդներ ներդրվեն, մինչդեռ այսօր գյուղակադեմիայում ուսանողների զրո ընդունելություն է. պետք է ոչ թե գյուղացուն կրթել, այլ կրթօջախներում որակյալ գյուղատնտես պատրաստել: Հաջողության հիմքը գիտության և կրթության մեջ է:
- Ակադեմիական քաղաք են պատրաստվում ստեղծել Աշտարակում, համալսարաններն ուզում են տեղափոխել… Ինչո՞ւ Աշտարակ… գուցե նկատի ունեն, որ Երևանը մոտենում է սահմանին և սահմանամե՞րձ է դառնում…
- Գյուղացին չի կարողանում իր արտադրանքն իրացնել, գյուղացու խնդիրները չեն լուծվում, չկա փորձառու մասնագիտական վերլուծություն, համապատասխան ուղի անցած պրոֆեսիոնալ մասնագետներ չկան:
- Պետտուրք բարձրացնելով՝ կարո՞ղ են խնդիր լուծել. սերմերի հավաստագրման համար տուրք դնելով՝ խնդիրը կլուծվի՞, իսկ տնկարանային տնտեսությունը, սերմարտադրությունն ի՞նչ կարգավիճակ պետք է ունենան՝ պետական, մասնավոր: Մարզերում պետք է տնկարաններ ստեղծեն՝ ըստ բնակլիմայական գոտիների, հետո նոր մտածեն տուրքը բարձրացնելու մասին:
- Գյուղատնտեսությունն այսօր իրենց գործողությունների արդյունքում մահացած է, ինչպես մահացած մարդուն շնչառություն տալով չեն կարող կենդանացնել, այնպես էլ այստեղ ինչ ուզում են անել՝ ազդեցություն չի ունենալու:
- Այս իշխանությունների գործողությունների արդյունքում 2018-ից ի վեր գյուղատնտեսությունն անկում է ապրում, ոչնչացնում են ամեն ինչ:
- Գալու է ժամանակը, երբ երկիրը կսկսեն ղեկավարել պետականամետ, հայրենիքին նվիրված մարդիկ, և այսօրվա ապազգային ծրագրեր իրականացնող մարդիկ բյուջեի վրա տող առ տող ցույց են տալու, թե այդ փողերը, պետական միջոցներն ուր են գնացել…
- Ինտենսիվ այգին շատ թանկ հաճույք է, դա մասսայական դարձնելը ճիշտ չէ:
- Պետք է ոռոգման համակարգը վերականգնելու ծրագիր իրականացնել, արդիականացնել՝ կաթիլային ոռոգման և անձրևային համակարգ պետք է ներդնել՝ խնայելով Սևանի ջուրը: Այսօր դա է լուրջ խնդիրը:
- Ոչ մի տեղ ծառերի սանիտարական հատում չի արվում: Դուք նկատե՞լ եք, թե ծառերն ինչո՞ւ են չորանում, տեսե՞լ եք, թե ինչ նոր ծառեր (այլանտ) են աճում Երևանում՝ ալերգիկ հետևանքներ ունեցող, որը շատ արագ տարածվում է և բազմանում՝ շուրջբոլորը ծառերը չորացնելով…
- Այս իշխանությունները դրսից եկող ինչ-ինչ ծրագրեր են իրականացնում, որոնք իբր միտված են ոլորտի զարգացմանը, այնինչ բացարձակ հակառակ էֆեկտ են տալիս: Այդ ծրագրերը մեկ օրվա բան չեն, դրանք դետալ առ դետալ մշակված քայլերի հաջորդականություն են՝ հատուկ նպատակով ներդրված:
- Եթե այս տարի էլ խաղողագործը չկարողացավ իր արտադրանքը մթերել, մի օր կվերանա հազարամյա պատմություն ունեցող մեր խաղողագործությունը: Ուզում են մեր խաղողի տեղական սորտերը վերանան, և ԼԳԲՏ-ի նման նոր սորտեր բերե՞ն հանրապետություն…
- Մեր երկրում արտադրվող գյուղմթերքն այսօր բացարձակ մրցունակ չէ, դրա մասին պետք է մտածել, թեև ազգային աղճատված հոգեբանություն ունեցող մարդիկ կան, որ ուրախացել են՝ Թուրքիայի հետ առևտուր կանեն…
- 90-ականներին էլ ամբողջ ոսկին գնաց Թուրքիա՝ «դուբլյոնկա ու մաչոնկա» բերեցին, արդյունքում ի՞նչ ունեցանք… Հիմա էլ նույնն է… Հիշեք ՀՀՇ-ն ու այսօրվա իշխանությունների ձեռագիրը. համեմատեք: