Բաժիններ՝

Վարորդի խոսքը տուգանքի հի՞մք է, ինչպե՞ս է ապացուցելու. Վարորդները՝ գազալցակայաններում թերլիցքավորման համար ներկայացված նախագծի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում, բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» վերտառությամբ ցուցանակ։

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ծովինար Վարդանյանը նշել է, որ փոփոխությունն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում։

«Հաշվի առնելով նմանօրինակ պատիժը՝ լցակայաններն այսուհետ ավելի աչալուրջ կգտնվեն, որպեսզի նման թերլցումներ չիրականանան: Նախքան շրջանառության մեջ դնելը նախագիծը քննարկվել է տնտեսվարողների հետ, և բազմաթիվ տնտեսվարողներ դրական են արձագանքել այս փոփոխությանը՝ ասելով, որ քանի որ կա հանրային ձևավորված կարծիք, որ բոլոր գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցում է իրականացվում, ապա բարեխիղճ տնտեսվարողը հաճախ տուժում է հանրային կարծիքի արդյունքում: Ցուցանակը փակցվելու է մեկ ամիս ժամկետով: Ցուցանակը դիտավորյալ հեռացնելը նույնպես տուգանման ենթակա արարք է: Պոկված ցուցանակը հայնաբերվելու օրվանից ևս մեկ ամիս ժամկետով փակցվելու է»,- մանրամասնեց Ծովինար Վարդանյանը՝ հավելելով, որ ամեն լցակայան կունենա իր QR կոդը, որի միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը։

Նա նշել է, որ այս պահին թերլիցքավորման համար ֆիքսված 500.000 դրամ տուգանք է, նախագծով առաջարկվում է համաչափության սկզբունք ներդնել և տուգանքները սահմանել ֆիքսված 200.000 դրամ՝ գումարած տուգանքը հայտնաբերելու նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Եթե մեծ լցակայան է, ըստ պատգամավորի, խախտումները, բնականաբար, շատ կլինեն, հետևաբար՝ տուգանքն ավելի մեծ կլինի: Մարզերում փոքր կամ մեկ բաշխիչ կայան ունեցող լցակայանի տուգանքն ավելի փոքր կլինի:

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում, խոսելով նախագծի մասին, վարորդները համոզմունք հայտնեցին, որ գազալցակայաններն օրենքը շրջանցելու ձևեր գտնելու են:

«Լրիվ ավտոմատացված է, ցանկացած պահի երկու կոճակ սեղմելով՝ այնպես են անում, որ ճիշտ է ցույց տալիս։ Ստուգումից հետո նորից փոխում են իրենց ուզած թվի վրա: Ավելին, վառելիքի ծավալն այնքան էական չէ, ինչքան որակը: Ավելի լավ է՝ դրան ուշադրություն դարձնեն»,- նկատեց վարորդներից մեկը:

Մյուսն էլ նկատեց․ «Վարորդի խոսքը տուգանքի հի՞մք է: Եթե գազալցակայանում հերքեն՝ ինչպե՞ս է ապացուցելու»:

Վարորդներից մեկն էլ խոսեց ապացուցելու խնդրի մասին՝ ընդգծելով. «Լիցքավորեցիր, մեծ մասի դեպքում այդ պահին չի զգացվում՝ խաբե՞ց, թե՞ չէ, դա երևում է մեքենայի վազքի արդյունքում։ 2 օր հետո էլ դե գնա՝ ապացուցիր, որ քիչ են լցրել: Ի դեպ, խաբում են լցվող գազի ջերմաստիճանով, եթե լցվող գազը չի սառեցվում, լցնելու պահին ցույց է տալիս համապատասխան ճնշում, բայց հովանալուց հետո ունենում է ավելի ցածր ճնշում: Լցվող (մղվող) գազի ջերմաստիճանը պետք է հսկվի»։

Վարորդներից մեկն էլ փաստեց՝ վերջերս 48 լիտրանոց բալոնը, որի մեջ մի քիչ էլ հեղուկ գազ է եղել, լիցքավորել են, ու ցույց է տվել 52 լիտր:

Տեսանյութեր

Լրահոս