
Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Փաշինյան

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն նաև միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը: Իմ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ես և Ռուսաստանի նախագահը ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանը, սակայն, նկատեց, որ բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրը խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտն ունի:
Նրա խոսքով՝ այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները: