ՊՆ-ն հրապարակման ենթակա չի համարում այն, ինչ իշխանության ներկայացուցիչներն արդեն հրապարակայնացրել են
2022-ի հուլիսի 21-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, որտեղ պատերազմի հանգամանքների և դրանց վերլուծությունների վերաբերյալ մի քանի հարցադրումներ կային: Այն է՝
1. 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր՝ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում տեղյա՞կ են այս գործողություններից և դրանց արդյունքներից, խոսքն ի՞նչ որոշումների մասին է, եթե նման բան հնարավոր է:
Ի դեպ, դատախազությունից մեր վերջին՝ մայիսին ուղարկված հարցմանը պատասխանել էին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համապատասխան հայտարարությունների վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից անմիջապես ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող ծավալուն քրեական գործով քննության առարկա դարձնելու համար:
2. ԱԺ քննիչ հանձնաժողովը Պաշտպանության նախարարությունից փաստաթղթեր է պահանջել, որոնք ստացել են, ի՞նչ քանակի և բնույթի փաստաթղթերի մասին է խոսքը, դրանք ընդգրկո՞ւմ են ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրամանները, այդ թվում՝ «Իսկանդերի» կիրառման պլանը:
Ի դեպ, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանը վերլուծություն էր նախաձեռնել, որը չհասցրեց ամփոփել, և այն փոխանցվեց Արտակ Դավթյանին: Կա՞ ավարտուն զեկույց, վերլուծություն 44-օրյա պատերազմի հետ կապված, և ո՞ր ԳՇ պետի և ՊՆ-ի օրոք է այն ավարտուն տեսք ստացել: Արդյո՞ք այն քննարկվել է ԱԽ նիստում:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Պաշտպանական գերատեսչությունից 5-օրյա ժամկետում նախ տեղեկացրին, որ հարցման մեջ ընդգրկված հարցադրումները պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն: Այնուհետև 30-օրյա ժամկետում մեզ ուղարկված պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը շրջանցել էր նաև պատերազմի վերլուծության հետ կապված հարցադրումները, որոնք գաղտնիության տարրեր, ըստ էության, չէին պարունակում:
ՊՆ–ից ստացել ենք հետևյալ գրավոր պատասխանը․
«Ի պատասխան 2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր հարցմանը՝ հայտնում ենք.
1. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը ՀՀ դատախազությանը տրամադրել է այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահանջվել են զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով քննություն անցկացնելու նպատակով: Հետագա գործողությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ քննչական կոմիտե: Միաժամանակ հայտնում ենք, որ հարցման մեջ նշված հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:
2. ՀՀ պաշտպանության նախարարությունից ԱԺ քննիչ հանձնաժողովին տրամադրված փաստաթղթերի և 44-օրյա պատերազմի վերլուծության վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացման ենթակա չէ»:
Հավելենք, որ Սամվել Բաբայանի հայտարարության հետ կապված մեր հարցադրմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից պատասխանել էին նաև, որ «քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գրավոր ցուցում է տրվել վարույթն իրականացնող մարմնին նշված հայտարարության հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ կոնկրետ և առարկայական գործողություններ կատարելու վերաբերյալ»: Իսկ Պաշտպանության նախարարությունը, ըստ էության, ասում է, որ Սամվել Բաբայանը ստել է:
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի վերլուծությանը, ապա անցած տարի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:
«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- 2021-ի մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:
Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքել էր ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:
«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտել էր Օ․Գասպարյանը:
Ավելի ուշ 168.am-ին հայտնի էր դարձել, որ ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանին փոխարինած Արտակ Դավթյանն ինչ-ինչ սրբագրումներ և հավելումներ է պատրաստվում անել Գասպարյանի թողած պատերազմական վերլուծության մեջ:
ՊՆ-ից այս առնչությամբ մեր հարցադրումներին այդ ժամանակ խուսափել էին պատասխանել:
Եվ հիմա Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը ևս չի ցանկացել ընդամենը պատասխանել՝ Օնիկ Գասպարյանի՝ 44-օրյա պատերազմի մասին վերլուծությունը, որը նա չէր ավարտել, հասցվե՞լ է արդյոք ավարտուն տեսքի, եթե այո, ապա ԳՇ ո՞ր պետի օրոք։ Երկրորդ՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ինքն էր դեռևս մեկ տարի առաջ հայտարարել, որ ԳՇ վերլուծությունը պետք է ներկայացվի ԱԽ նիստում, և մենք ընդամենը փորձում էինք պարզել՝ ներկայացվե՞լ է: Այսինքն, վերլուծության բովանդակության վերաբերյալ որևէ հարց չի եղել մեր կողմից:
Երրորդ՝ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն ՊՆ-ից ստացած և ուսումնասիրման առարկա փաստաթղթերի թիվ էր հրապարակել՝ 10.000-ի սահմաններում, այլև «գաղտնազերծել» էր Օնիկ Գասպարյանի՝ «Իսկանդերի» կիրառման պլանը:
«Քննիչ հանձնաժողովի ձեռքում է գտնվում Օնիկ Գասպարյանի կողմից հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը բացարձակ չի համապատասխանում իր ասածին: Ընդ որում, դա ստորագրված է նույն Գասպարյանի կողմից, տվյալ փաստաթուղթը կազմել է իր տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր օպերատիվ վարչության պետը: Իսկ էդ պլանը, որ ներկայացնենք, երբ մասնագետները նայեն, կտեսնեն, որ Օնիկ Գասպարյանը կամ չի հասկացել՝ ինչ է հաստատել, որովհետև տվյալ սպառազինությունը նախատեսված էր լրիվ այլ հարվածային գործողության և այլ թիրախների համար: Իսկ ինքը թիրախներն ընտրել էր շատ անհասկանալի վայրում և անհասկանալի հեռավորության վրա»,- «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:
Ավելին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այս հարցի վերաբերյալ այլ մանրամասներ էլ էր հայտնել լրատվամիջոցներից մեկին:
«Գիտեք, նախ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հայտարարեց, այլ դա փաստ է, որ մինչև պատերազմ սկսելը՝ օպերատիվ պլանավորումներ մշակելիս, սխալ պլան է մշակվել: Այսինքն, թիրախներ կան, որ, օրինակ, պետք է խոցվեին 25–35 կիլոմետրի վրա, և այդ թիրախներին հարվածողը ոչ թե «Իսկանդերը», այլ մեկ այլ հրթիռ է»,- ասել էր Մելքոնյանը՝ նշելով, որ «Իսկանդերի» պլանն անձամբ տեսել է:
Այսինքն՝ այն, ինչ ՊՆ-ն համարել է հրապարակման ոչ ենթակա, ՔՊ-ականներն ու իշխանության ներկայացուցիչները որոշակի մանրամասներով հրապարակայնացրել են, և եթե Օնիկ Գասպարյանը չլիներ զինվորական և պատասխաներ նրանց, ապա այլ գաղտնիքներ ևս կհրապարակայնացվեին: