«Եթե այս տեմպերը շարունակվեն, հնարավոր է՝ վարձակալության գները փոքր-ինչ նվազեն». Անշարժ գույքի գործակալության տնօրեն
«Վարձակալության շուկայում 30 տոկոս գնաճ ունենք, վաճառքի շուկայում՝ 35 տոկոս»,- 168.am-ի հետ զրույցում ամփոփելով անշարժ գույքի շուկայի ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալները՝ նշեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Անշարժ գույքի գործակալության տնօրենը նաև արձանագրեց՝ վարձակալության շուկայում ակտիվության նվազում է նկատվում:
«Կարող ենք ասել՝ վարձակալության շուկայում գներն այլևս չեն բարձրանում: Եթե այս տեմպերը շարունակվեն (հաշվի առնելով նաև, որ տուրիստական շրջանն էլ ավարտվում է), հնարավոր է՝ վարձակալության գները փոքր-ինչ նվազեն»,- ասաց Վահե Դանիելյանը:
Ըստ նրա՝ վարձակալության շուկայում այս պահին առկա իրավիճակը պայմանավորված է ՌԴ-ից քաղաքացիների ներհոսքի պասիվացմամբ:
Անդրադառնալով առքուվաճառքի շուկայում գնաճ առաջացնող գործոններին՝ անշարժ գույքի գործակալության տնօրենը մանրամասնեց.
«Վաճառքի շուկայի ակտիվությունը միայն ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորել պետք չէ: Ինչ-որ առումով ՌԴ-ից ներհոսքի՝ վարձակալության շուկայի վրա ազդեցությունն ածանցյալով ազդեց նաև վաճառքի շուկայի վրա, քանի որ շատ մարդիկ հանեցին վաճառքից իրենց բնակարանները, երբ վարձակալության գները բարձրացան:
Բարձր վարձակալական գների պայմաններում մարդիկ որոշեցին նաև հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել՝ հաշվարկելով, որ վարձակալության բարձր վճարն իրենց հիպոթեքային տոկոսից ավելի եկամուտ է բերում: Հետևաբար՝ պահանջարկը մեծացավ, իսկ պահանջարկի բարձրացման արդյունքում՝ գները բարձրացան:
Մյուս գործոնը փողի կուրսն է. դրամն այդքան վստահություն չունի, և քաղաքացիները նախընտրում են գումարը պահել անշարժ գույքի տեսքով:
Երրորդ գործոնը շինանյութի, վառելիքի թանկացումն է, որի հետևանքով նորակառույց շենքերի ինքնարժեքն արդեն իսկ բարձր է»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Կադաստրի պետական կոմիտեն ամփոփել էր շուկայի՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալները: Ըստ այդմ՝ հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 96,535 գործարք, որը 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 12.6%-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 5.9%-ով:
Երևան քաղաքում 2022 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 7.9 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 14.6 %-ով:
Մարզերի քաղաքներում 2022 թվականի առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2021 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել են 11.1 %-ով, իսկ 2021 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ աճել՝ 18.6 %-ով: