«Տպավորություն է, որ շուկա են եկել և փորձում են բանակում ծառայությունը վաճառել՝ սահմանել են մեծ գին, և ովքեր վճարունակ են՝ կարող են գնել». Կարեն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել օրենքի մի նախագիծ, որով առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո, պետական բյուջե վճարել 24 միլիոն դրամ և ազատվել ծառայությունից։
Պաշտպանական գերատեսչությունը նման նախագծի ընդունումը հիմնավորում է հետևյալ կերպ.
«Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ»:
Նախագիծը շրջանառության մեջ դրվելուց անմիջապես հետո լայն քննարկում սկսվեց սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում: Կարծիքները հիմնականում բացասական էին:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համար Կառավարության մտահղացումը, ներկայացրած առաջարկներն անընդունելի են, և 168.am–ի հետ զրույցում նա մի քանի պատճառ և հիմնավորում ներկայացրեց.
«Առաջինը՝ տպավորություն է, որ շուկա են եկել և փորձում են բանակում ծառայությունը վաճառել, սահմանել են շատ մեծ գին, և ովքեր վճարունակ են՝ այն կարող են գնել։ Ենթադրենք՝ բերել թանկարժեք մեքենա են վաճառում, բնականաբար, այն գնում են մեծահարուստները, իսկ ովքեր գումար չունեն՝ մեքենա չեն գնի։ Նույնն էլ այստեղ է, բանակն իջեցնում են այդ մակարդակի և դարձնում են ապրանք, որը սկսում են բարձր գնով վաճառել մարդկանց։ Մինչդեռ բանակը հայրենիքը պաշտպանելու գաղափարական միջոց է, նույնիսկ մեր բանակի ստեղծման օրվանից սկսած բանակը եղել է բոլոր տղաների համար հայրենիքի հանդեպ պարտքը տալու պարտադիր միջոց։ Բայց կոնկրետ այս դեպքում բանակը վաճառվում է մարդկանց վրա»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Ըստ փորձագետի, ՊՆ-ի այս առաջարկը նաև սոցիալական խտրականության մասին է վկայում, և խոսքը սոցիալական անջրպետի մասին է։ Օրինակ, որդին կարող է ծնողներին բողոքել, թե իրեն նյութապես լավ չեն ապահովել, քանի որ ընկերը վճարել է 24 մլն դրամ և ազատվել է բանակից, իսկ ինքը չի կարող, քանի որ այդքան գումար չունի։
«Ահա այստեղ սոցիալական անջրպետ է առաջանում, խավեր ենք ձևավորվում, այսինքն՝ այդ առաջարկով գնում են նրան, որ ակնհայտ ձևավորում են աղքատ ու հարուստ խավ։
Եվ ամենավտանգավորը, որը ես մասնագիտական աչքով եմ տեսնում՝ բանակի մարտունակությունն է, այսինքն՝ եթե վաղը կրկին պատերազմ լինի, և այնպես է, որ մենք ապահովագրված չենք պատերազմից՝ այն ամեն պահի կարող է սկսվել, ուստի այդ 4,5 ամիս ուսումնական փուլ անցած տղաները միանշանակ չեն տիրապետելու զենքի հետ վարվելակերպին, կարգ ու կանոնին, ինչպես նաև ռազմական գիտելիքներին։ Այդ 4 ,5 ամսում նա չի հասցնի որևէ բան սովորել ու իր համար ռազմական գիտելիքներ կուտակել։ Կարծում եմ՝ այդ 4,5 ամիսը պարզապես ձևական բնույթ է կրելու, և այդ տղաները չեն ծառայելու, եթե խոսում ենք ուսումնական փուլի մասին, նշանակում է , որ այդ տղաները ծառայելու են ուսումնական զորամասում։ Հետևաբար, ուսումնական զորամասերը խորը թիկունքում են և առհասարակ կապ չունեն սահմանի զորամասերի ու սահման պահող զորքի հետ»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Նրա բնորոշմամբ՝ օրենքի այս նախագիծը վերից վար անընդունելի է և Հայաստանի պետականության համար շատ վտանգավոր։
Ռազմական փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ այդ նախագիծը ՊՆ-ում չեն քննարկել որևէ փորձագետի հետ և որևէ մեկի կարծիքը չեն լսել, իսկ նախագծի մասին տեղեկացել է նախագծերի հրապարակման միասնական կայքից։
«Այդքան տեղեկացված լինելով ներքին անցուդարձից, ինքս չեմ իմացել այդ առաջարկի մասին, որպես մասնագետի՝ ինձ չեն էլ դիմել։ Նույնիսկ այս պահին, երբ առաջարկն արդեն շրջանառության մեջ է, մասնագետները պարտավոր են իրենց մասնագիտական կարծիքը հայտնել, որովհետև բանակի գործը չի կարելի թողնել մի քանի մարդկանց հույսին, որոնք մասնագետ չեն և բանակից բավականին հեռու են, և թույլ չտալ, որ նրանք մտնեն բանակ ու բարեփոխումներ անեն։ Աստված սիրեն, թող բարեփոխումներ անեն ոստիկանությունում, կրթության ոլորտում, բայց արտաքին անվտանգային ոլորտից հեռու մնան, որովհետև այն շատ վտանգավոր տեղ է»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։