Չդադարող ծափահարություններ սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին` նրա ծննդյան օրը

Հնչող ծափահարություններն անկեղծ էին սկզբից մինչև վերջ։ Հանդիսատեսը հուզվում էր, ժպտում, հիշում ու կարոտում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյին, նրա ծննդյան օրը` օգոստոսի 25-ին։

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստի հիշատակին նվիրված համերգը։

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ իրականացվեց։ Կազմակերպիչների գլխավոր նպատակն էր հիշել արտիստին, նրա չհնացող, տարբերվող երգերը։ Նրանց դա ավելի քան հաջողվեց։

«Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագրով համերգային ծրագրում հետաքրքիր տեխնիկական, ռեժիսորական, երաժշտական լուծումների, մեծ նվագախմբի շնորհիվ ներկայացվեցին սիրո հավերժ երգչի ստեղծագործությունները,  ֆիլմերի համար գրված երաժշտությունը, ինչպես հեղինակներին էին բնորոշել` Հայկոյի աշխարհը, պոեզիան։

Հատվածաբար Հայկոն մեծ էկրանից նաև բեմում էր, ընկերների կողքին իր կատարումներով, հարցազրույցներից մեջբերումներով, մեկնաբանություններով։

Առանձնահատուկ էր նրա վերաբերմունքը ընկերների` իր խոսքով կյանքի արժեքները սիրող մարդկանց հանդեպ։ Ցուցադրվող արխիվային կադրերում ընկերասեր էր ու ընկերությունն արժևորող, կյանքով ու ստեղծագործական գաղափարներով լեցուն, գուցե նաև հոգու խորքում թախծոտ։

Հայկոն «Նոր հայեր» թիմի երգահանն էր։ Գարիկ Մարտիրոսյանը պատմեց, որ Հայկոն 1990-ականների սկզբին դեռ ընդամենը մի քանի երգ ուներ, բայց իրենց թիմի ելույթների երաժշտական ձևավորման համար ընտրված առաջին ու միակ թեկնածուն էր։

Հեղինակ-կատարողի երգի ու պոեզիայի աշխարհով ներկաները յուրօրինակ ճամփորդության հնարավորություն ունեցան։

Երեկոն վարում էին կրկին նրա ընկերները` Նազենի Հովհաննիսյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Խորեն Լևոնյանը։

Ելույթ ունեցան հայկական էստրադայի անվանի ներկայացուցիչներ ու նաև օտարերկրացի ճանաչված արտիստներ։ Երաժշտությունն ինտերնացիոնալ է, հետևաբար օտար լեզվով թարգմանված տարբերակով էլ Հայկոյի երգերի թեման հասկանալի էր։

Սերն էր գլխավոր առաջնորդող ուժը, թե կազմակերպման ու թե կատարողի ստեղծագործությունների ներկայացման ձևաչափի, համերգի ողջ տրամաբանության հիմքում։

Հայկ Հակոբյան. հայ երաժշտարվեստի շնորհալի անուն, ում թողած ժառանգությանը փայփայանքով կպահպանեն ժամանակակիցներն ու հետագա սերունդները։

Կրկին Հայկոյի ու նրա երգերի հանդեպ սերն էր հանդիսատեսի ու կատարողների միջև ամենամեծ կապը։

Խոսքերն անգիր արտաբերելիս ամեն մի հնչյուն առավել երգեցիկ էր, ավելի դիպուկ, զգայական։ Առաջին անգամ սիրված մեղեդիները հնչում էին առանց նրա, բայց և նրա հետ։

Դժվար էր չհուզվել, հատկապես Հայկոյի որդու` Արման Հակոբյանի ելույթի ընթացքում։ Բեմից նա շնորհակալություն հայտնեց բոլորին հայրիկին նվիրված համերգին ներկա գտնվելու համար։

Ջերմ խոսքեր հնչեցին նաև արտիստի եղբոր և մայրիկի հասցեին։ Երգչի մայրը նաև նրա առաջին ստեղծագործությունների խոսքերն է հեղինակել։

Անդրադարձ կատարվեց կոմպոզիտորի անցած ուղուն, հաջողություններին։

Խոսվեց այն մասին, թե ինչպես երիտասարդ ստեղծագործողը մի օր դարձավ ռոմանսների հայտնի երգիչ, նվաճեց բազում հեղինակավոր բեմեր, մրցանակներ։

Ավետ Բարսեղյանի դիտարկմամբ` Հայկոյի երաժշտությունն անփոխարինելի է նոր սիրահար զույգերի, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք սիրում և գնահատում են որակյալ երաժշտությունը։

Հայկոյի երկրային կյանքն ավարտվեց հինգերորդ տասնամյակը չլրացած, սակայն նրա մեղեդային ստեղծագործությունները կապրեն նրա հիշատակին նվիրված միջոցառումների, աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երաժշտասերների, գեղեցիկը գնահատողների շնորհիվ։

Խորեն Լևոնյանը հիշեց իրենց ծանոթությունը 2006 թվականին, երբ Հայկոն հեղինակեց «Մի վախեցիր» ֆիլմի երաժշտությունը։ Նա պատմեց, որ մեղեդին հաճախ է ուղեկցել իրենց նկարահանման հրապարակում և ոգեշնչել։ Հայկական կինոարտադրության վերջին տասնամյակների լավագույն նմուշները դժվար է պատկերացնել առանց կոմպոզիտորի ազդեցիկ երաժշտության։ Հայկոյի հեղինակած սաունդրեքերը առանց բացառության հայկական ֆիլմերի յուրօրինակ այցեքարտն էին դառնում։

Վաստակավոր արտիստը Հայաստանում և մարզերում իր տարբեր նախաձեռնությունների, ակտիվ գործունեության մասին տարիներ առաջ հաճախ էր նաև «Արմենպրես»- ի անդրադարձերի միջոցով ներկայացնում հանրությանը։

2012 թվականին նա չէր մերժել գործակալության սկսնակ թղթակցի՝ հարցազրույցի առաջարկը` խոսելով երգարվեստի, իր սրտից բխող երգերի և ծրագրերի մասին։

Համերգի ավարտին հոտնկայս հնչող ծափահարությունները չէին դադարում։ Դրանք Հայկոն վաստակել էր ոչ միայն իր արվեստով, այլև մարդկային արժանիքներով, համեստությամբ։

Համերգից առաջ, դեռ նախասրահում, ինչպես նաև դեպի Մարզահամերգային համալիր տանող աստիճաններից սկսած՝ նրա երգերն էին հնչում։ Յուրաքանչյուր հանդիսական դահլիճից դուրս գալիս դատարկաձեռն չհեռացավ` իր հետ տանելով ռոմանսներ կատարող երգչի մեծ, աստվածատուր սրտից մի պատառիկ, անբացատրելի լուսավոր ափսոսանք:

Տեսանյութեր

Լրահոս