Բաժիններ՝

Կա՞ արդյոք դպրոցական արտահագուստի պարտադրանք. Պարզաբանում են նախարարության ներկայացուցիչն ու դպրոցի տնօրենները

Հաշված օրեր են մնացել նոր ուսումնական տարվան, իսկ մինչ այդ՝ երեխաները հոգեպես, իսկ ծնողները՝ նաև ֆինանսապես փորձում են պատրաստվել այդ օրվան:

168.am-ը փորձեց պարզել, թե որքան գումար են նախատեսել կամ արդեն ծախսել ծնողները, ի՞նչ են հիմնականում գնել:

«Արդեն մոտ 40.000 դրամ ծախսել ենք, գնել ենք վերնաշապիկներ, կոշիկ, տաբատ ու մի քանի մանր-մունր իրեր: Հիմնականում ամառային վերնազգեստներ ենք գնել, քանի որ երկարաթև հագուստ դժվար էր գտնելը՝ նորմալ տեսականի չկար: Գրենական պիտույքներ դեռ չեմ գնել»,- մեզ հետ զրույցում ասաց մի ծնող:

Մեկ ուրիշն էլ փոխանցեց, որ երկու երեխայի համար համազգեստ, պայուսակ, գրենական պիտույքներ գնելու համար պահանջվել է մոտ 150.000 դրամ:

Կարդացեք նաև

Ոմանք էլ հայտնեցին, որ անիմաստ են համարում սեպտեմբերին հագուստ գնել, քանի որ դեռ 2-3 շաբաթ շոգ է, ու ամառվա շորերով են գնալու դպրոց երեխաները:

Ընդհանուր առմամբ, ծնողների խոսքով, դպրոցին պատարստվելու համար 40.000-120.000 դրամ է անհրաժեշտ՝ 1-2 երեխայի դեպքում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք պարզել՝ կա՞ պարտադիր պայման, թե ինչպիսի՞ հագուստով պետք է երեխաները հաճախեն դպրոց, պատասխանեցին, որ չկա պարտադրանք, դպրոցներն են որոշում՝ ազատ արտահագուստով գալ, թե որոշակի պահանջ սահմանել: Մանկավարժական և ծնողական խորհրդի համաձայնությամբ են նման նորմերը որպես կանոն սահմանվում: Կարող է լինել կոնկրետ արտահագուստ, որ հստակ այսպիսին պետք է լինի, կարող է լինել նաև նկարագրություն. ասենք, լինի սևի, մուգ կապույտի և սպիտակի համադրություն և այլն:

Զրուցեցինք նաև մի քանի դպրոցի տնօրենների հետ: Նրանք նշեցին՝ ինչքան էլ որ ազատ է հագուստը, այստեղ կարևոր է ծնողի դերը: Չպետք է մոռանան, որ երեխաները դպրոց են գնում, ոչ թե ռեստորան կամ զբոսանքի:

Տնօրենների փոխանցմամբ՝ եղել է, որ դերձակ են կանչել դպրոց, շատ գեղեցիկ զգեստներ են կարել թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, ու այն գործածել են մոտ 4 տարի, որովհետև ընթացքում հնարավոր է եղել նույն զգեստը ձևափոխել: Վճարել են ամենաշատը 13.000 դրամ: Իսկ հիմա, նրանց խոսքով, մի «սարաֆան»-ն արժե 24.000 դրամ, վերնաշապիկը՝ 10.000-12.000 դրամ: Տնօրենները ցավով նշեցին՝ ոչ միանման համազգեստի դեպքում երեխաները մրցակցում են շորերով, ոչ թե գիտելիքով:

Տեսանյութեր

Լրահոս