Երկու հեծանվորդ, մեկ նպատակ. Կանադայում Զինվորի տան համար հավաքվել է 20.440 կանադական դոլար

Կայացավ «Հանուն Զինվորի տան՝ Տորոնտոյից՝ Օտտավա» հեծանվարշավ – դրամահավաքը: Նախաձեռնության նպատակն է Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնի համար բժշկական սարքավորումների ձեռքբերումը:

Երկօրյա հեծանվարշավի ընթացքում, որը մեկնարկել էր օգոստոսի 12-ին, Կանադայում բնակվող մեր հայրենակից, «KM Homes Signature» անշարժ գույքի գործակալության ղեկավար Խորեն Մարդոյանն ու իր ընկեր Րաֆֆի Դեմիրճյանը շուրջ 400 կիլոմետր անցնելով՝ կարողացան իրենց նպատակի շուրջը համախմբել շատերին:

Դեռ հուլիսին վերականգնողական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Կանադայում մեկնարկելու է հեծանվավազք-դրամահավաք՝ Խորեն Մարդոյանի նախաձեռնությամբ:

168.am-ի հետ զրույցում Խորեն Մարդոյանը պատմել է այս նախաձեռնության նպատակների մասին:

Կարդացեք նաև

– Ինչպե՞ս ծնվեց հերթական բարեսիրական նախաձեռնության միտքը, և ի՞նչ արդյունքներ արձանագրեցիք:

– Անկեղծ ասած, յուրաքանչյուր հայի մտքում և գործողություններում պետք է լինի հայրենիքին օգտակար լինելու ձգտումը՝ անկախ գտնվելու վայրից և կարողություններից: Վերջին պատերազմը եկավ փաստելու, որ հայ զինվորը մեր ամեն ինչն է՝ պատիվն ու արժանապատվությունը, խիղճն ու ապագան, ինչպես նաև՝ մեր անվտանգության և խաղաղ կյանքի երաշխավորը:

Յուրաքանչյուր հայի պարտականությունը պետք է լինի՝ հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնել մեր վիրավոր հերոս տղաների կողքին, հոգ տանել նրանց առողջության համար: Հենց այս մտածումն էր, որ պատճառ դարձավ Տորոնտոյից դեպի Կանադայի մայրաքաղաք Օտտավա՝ մոտ 400կմ հեծելարշավի համար, որն էլ կյանքի կոչեցինք ընկերոջս՝ Րաֆֆի Դեմիրճյանի հետ միասին:

Հեծելարշավ-դրամահավաքի ընթացքում մենք հանգանակել էինք $18,000 CAD, սակայն մեկ օր անց այդ գումարն ավելացավ, և այսօր արդեն հանգանակված գումարի չափը կազմում է $20,440 CAD:

Ես և Րաֆֆին մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք անտարբեր չմնացին և իրենց նվիրատվություններով մասնակիցը դարձան ՀԱՅ վիրավոր ԶԻՆՎՈՐԻՆ թև ու թիկունք լինելու գործում:

Նախաձեռնությանն ինչպե՞ս միացավ Րաֆֆի Դեմիրճյանը:

Րաֆֆիի հետ ծանոթացել եմ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, Տորոնտոյում, երբ ամբողջ կանադահայ համայնքը՝ անկախ իրենց կուսակցական, համայնքային պատկանելությունից, մեկ մարդու պես համախմբված անում էին ամեն հնարավորը, որպեսզի ապահովեին և Հայաստան ուղարկեն իրենց բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցների համար անհրաժեշտ հումանիտար պարագաները:

Րաֆֆին այդ ժամանակ կամավոր էր՝ ինչպես մենք բոլորս, և հենց այդ ժամանակ էր, որ միասին սկսեցինք քննարկել, թե որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը՝ արդեն հայ զինվորին օգտակար լինելու համար: Րաֆֆին հայրենասեր անձնավորություն է. նրա համար հայրենիքը և մեր բանակն առաջնային են: Շատ ուրախ եմ, որ մենք իսկապես կարողացանք գտնել և ճանաչել իրար այդ ծանր ժամանակահատվածում, և մեր ընկերությունը վերածվեց բարեկամության: Հիմա արդեն մտածում ենք մեր հաջորդ հումանիտար ծրագրի մասին, որը նորից ուղղված պետք է լինի մեր հերոս տղաների առողջական խնդիրների լուծմանը:

– Հեծանվարշավը, ինչպես տեղեկացանք, մեկնարկել է «Հույսի անտառ» (Forest of Hope) պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից, իսկ ավարտը՝ Օտտավայում տեղադրված հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրու մոտ էր. ո՞ւմ միտքն էր այս կետերն ընտրելը:

– Հեծանվավազքի սկզբնակետն ու վերջնակետն ընտրելն իմ և Րաֆֆիի մտահղացումն էր: Ինչպես նշեցիք՝ մեկնարկը տրվեց Կանադայի Մարքհամ քաղաքի «Հույսի անտառ» (Forest of Hope) պուրակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից և ավարտվեց Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու տեղադրված կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրու մոտ:

Յուսուֆ Քարշը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում՝ Օսմանյան Կայսրության հարավարևելյան շրջանում: Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ, ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր։ Նա ավելի ուշ Օտտավայի կենտրոնում ստեղծել է սեփական ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլին Օտտավա կատարած այցի ժամանակ լուսանկարելուց հետո։ Միջազգային Who’s Who («Ով՝ ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։

– Հեծանիվ վարելու մասին. ձեր հոբբի՞ն է:

– Ինձ ճանաչողները լավ գիտեն օդանավերի և ավիացիայի նկատմամբ իմ առանձնահատուկ սիրո մասին։ Օդաչու դառնալու մանկությանս երազանքն ավելի ուշ իրականացրի Կանադայում յուրահատուկ ձևով՝ թռիչքներ իրականացնելով փոքր ինքնաթիռներով: Oդանավերի նկատմամբ իմ ունեցած սիրուն ավելացավ նաև հեծանվասպորտով զբաղվելը՝ շնորհիվ ընկերոջս՝ Րաֆֆիի, ու մեկ տարի առաջ, երբ ինձ մոտ գաղափար առաջացավ կազմակերպել հեծանվավազք-դրամահավաք հայ զինվորի համար, սկսեցի ամեն օր հետևողականորեն մարզվել՝ հանուն այդ նպատակի:

Կանադայում բնակվող մեր հայրենակից Խորեն Մարդոյանը տասնյակ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել և աջակցում է Հայաստանին,Արցախին: Նրա ուշադրության կենտրոնում մշտապես հայոց բանակն է ու հայ զինվորը:

Տեսանյութեր

Լրահոս