Իշխանական շրջանակներում եռամսյա հավաքների պահանջներին համապատասխանողներ չկա՞ն, թե՞ նորից լուռ «խրամատ են փորում»
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ն անցկացվում են եռամսյա հավաքներ: Դրանց մասնակցության ծանուցումները, տարբեր տեղեկությունների և բաց փաստերի համաձայն՝ ուղարկվել են հիմնականում Դիմադրության շարժման մասնակիցներին և նրանց համախոհներին:
Օրինակ, ծանուցում էր ուղարկվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, որը կալանքի տակ է: Նիկոլ Փաշինյանի բանակում ծառայած որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին, սակայն, նման տեղեկություն չկա, այլապես այն լայն հնչեղություն կստանար, ինչպես նման մյուս դեպքերում արվել է:
Այս հարցին 168.am-ն անդրադարձել էր, երբ հանրահավաքային ակտիվ շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը կոչ էին անում հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
Նման կոչ պարբերաբար արել է, մասնավորապես, ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հավակնում է Ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին:
Եռամսյա հավաքներին ընդդիմության թիրախավորված մասնակցության մասին խոսակցությունները սոցցանցերում ակտիվացան, երբ ՊՆ-ն տեղեկություն տարածեց, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային, 44-ամյա Ատոմ Ռազմիկի Հարությունյանը։
168.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՊՆ-ից, ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը վերոնշյալ հարցերին ի պատասխան՝ նշեց.
«Եռամսյա վարժական հավաքների բոլոր մասնակիցները կառավարության 404 և 405 որոշումների համաձայն՝ տարածքային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների կողմից հետազոտվում են, ճանաչվում պիտանի կամ ոչ պիտանի ներգրավման համար:
Իրավակարգավորումներով և ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերով սահմանված նորմերի համաձայն (ՀՀ կառավարության 08.10.2018 N 1174-Ն որոշում)՝ քաղաքացիների ներգրավումը վարժական հավաքներին կազմակերպվում է՝ հաշվի առնելով նրանց զինվորական հաշվառման մասնագիտությունները, պահեստազորում հաշվառման խումբը և կարգը, ինչպես նաև առողջական վիճակը: Կրկնում եմ՝ վարժական հավաքներին քաղաքացիների ներգրավումն իրականացվում է իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխան և կապված չէ քաղաքացիների քաղաքական հայացքների հետ»:
ՊՆ խոսնակի պարզաբանումը, թերևս, արժանահավատ լիներ, եթե կարողանար գոնե 1 կամ երկու օրինակ մատնանշել, երբ իշխանական որևէ ներկայացուցչի որդի, հարազատ կամ բարեկամ ներգրավված լիներ վարժական հավաքներին։ Սակայն ակնհայտ է, որ լինելու դեպքում իշխանություններն իրենք վաղուց այդ մասին գրառումներ ու հայտարարություններ կանեին։
Ուստի ստացվում է՝ իշխանական շրջանակներում վերոնշյալ պահանջներին համապատասխանողներ չկա՞ն, թե՞ 2016-ի օրինակով՝ լուռ «խրամատ են փորում»: