Ով ում հրամանն է կատարում. Անդրանիկ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ հակառակը
Մայիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել ընդդիմության քաղաքական միջոցառումներին և ակցիաներին մասնակցող քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որը, նրա խոսքով, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։
«Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»,- եզրափակել էր Անդրանիկ Քոչարյանը:
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել ընդդիմադիրներին, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, որը կալանքի տակ է:
168.am-ը փորձեց ՊՆ-ից ճշտել՝ արդյոք ծանուցումներ ուղարկվե՞լ են բանակում ծառայած իշխանականներին, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի որդուն, որը ծառայել է Արցախում, որտեղից մեզ պատասխանեցին՝ հետաքրքրող կամ կոնկրետ մարդկանց անուններով գրավոր հարցում ուղարկել և ստանալ պատասխանը:
ՊՆ-ի հորդորին, իհարկե, կհետևենք, բայց պարզից էլ պարզ է՝ եթե Աշոտ Փաշինյանը ծանուցում ստացած լիներ, Փաշինյանները հաստատ չէին լռի և առիթը բաց չէին թողնի ինքնագովազդվելու, ինչպես պատերազմի օրերին, երբ Փաշինյանը որդուն ուղարկեց կամավոր, պատերազմից հետո, երբ հայտարարեց՝ իբրև թե պատրաստ էր գերի հանձնել և այլն… Հնարավոր է՝ քաղաքական նպատակահարմարությունից հետո մի օր էլ Աշոտ Փաշինյանին տեսնենք եռամսյա հավաքների մասնակցելիս, այս պահին դեռ քաղաքական իրավիճակը պահանջում է, որ նա «բանվոր աշխատի»…
Բայց այստեղ այլ բան է հետաքրքիր՝ Փաշինյա՞ նն է Անդրանիկ Քոչարյանի հրամանը կատարում, թե՞ Քոչարյանը Փաշինյանի հրամանով այս հարցն օրակարգ բերեց: Բայց այստեղ մի ցավալի հարց էլ կա՝ բանակում ծառայելը, եռամսյա հավաքներին մասնակցելը Փաշինյանը որպես պատիժ է ընկալում: Հետաքրքիր է՝ պատերազմից առա՞ջ էլ կար այս մոտեցումը: Եթե՝ այո, կստացվի՝ Փաշինյանը սեփական որդուն պատժել է նախ՝ ժամկետային ծառայության, ապա՝ կամավոր պատերազմի ուղարկելով, որի ժամանակ Աշոտ Փաշինյանը բավականին սթրեսային իրավիճակներ է ունեցել:
«Մահը պատերազմի բոլոր պարագաներում կա, մնացած ամեն ինչը բոլոր պարագաներում կա, բայց միակ բանը, որը ոչ միշտ է լինում, դա հայրենիքի կորուստն է՝ կամ կկորցնես, կամ չէ: Ամեն մի նահանջը քո համար մի նոր հարված է, որը կարող էր ուրիշ ձև լինել»,- մի առիթով իշխանական լրատվամիջոցներից մեկին ասել էր Փաշինյանի տղան:
Իսկ այս համատեքստում Քոչարյան Անդրանիկի հիշողության թարմացմանն ուղղված փաստերին 168.am-ն անդրադարձել էր: