«Որտեղ գնացել ենք, մեզ նման մտածող ծնողների ենք հանդիպել, բոլորն էլ պատրաստ են զոհվել և 1 սանտիմետր հող չտալ, ինչպես մեր տղաները չտվեցին». Զոհված զինծառայողի հայր
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ նախաձեռնել են համախմբել անհետ կորած և զոհված զինծառայողների ծնողներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նման պահանջում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին, որոնց անգործության, դավաճանության պատճառով զոհվեցին տղաները։
Նախաձեռնության հեղինակների նպատակն է այցելել մարզեր, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, հանդիպել նահատակների հարազատների հետ: Սա նաև համախմբման ու փաստերի հավաքագրման յուրահատուկ նախաձեռնություն է: Պատերազմում նահատակված զինծառայողների՝ Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը և այլ հայրեր ու մայրեր այս անգամ այցելել էին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղ, որտեղ հանդիպեցին տեղի որդեկորույս ծնողների հետ: Քննարկեցին, թե ինչպես կարող են դուրս գալ ստեղծված իրավիճակից և ինչ քայլեր են պետք՝ պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։ Նախաձեռնության նպատակը նաև հետագա հնարավոր արհավիրքը կանխելն է.
«Մի քանի օրից հանձնելու են նաև Աղավնոն, եթե մենք կարողանանք համախմբվել, և այդ ամենը տեսնեն նաև այլ անձինք, որոնք պատերազմում երեխա չեն կորցրել, ուշքի գան՝ գուցե Աղավնոն չկորցնենք։ Մենք հող ու հայրենիք ենք կորցնում, այսինքն՝ մեր տղաներն իզո՞ւր են գնացել։ Եթե պետք է տար, ինչո՞ւ տղաներին տարավ կոտորեց, նոր տվեց, խանգարողը տղանե՞րն էին։
Գիտեմ, որ Շիրակի մարզում դեռ շատ կան գերության մեջ գտնվող տղաներ։ Օրերս հեռուստացույցով ասում էր, թե Ադրբեջանը երեք պահանջ չի կատարում, բայց այդ պահանջների մեջ գերիներին չհիշեց, տպավորություն է, որ գերի չկա։ Այս ամենը մեզ համար լրացուցիչ ցավ է»,- դիմելով ծնողներին՝ ասաց Արա Ռոստոմյանը։
Անհայտ կորած տղաների ծնողները ևս մեկ անգամ հիշեցրեցին, որ պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմում անհետ կորել է 187 զինվորական և 21 քաղաքացիական անձ։
Գարիկ Գալեյանը ծնողներին ևս մեկ անգամ ասաց, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարում, ավելին՝ եթե իշխանության գա նոր քաղաքական ուժ և այսօրվա դավաճանական իշխանությանը չպատժի, ապա այդ ուժն էլ հավասարապես պատասխանատվություն կկրի։
«Նիկոլը հանձնարարում է, որ թուրքի անվտանգությունը ՀՀ սահմանը հատելիս պահպանեն, բայց իր քաղաքացիների անվտանգությունը չի ապահովում»,- ասաց Գարիկ Գալեյանը։
44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներին միացել էր նաև 2020 թվականի հուլիսին տավուշյան մարտերի ժամանակ նահատակված կապիտան Սոս Էլբակյանի հայրը՝ Փայլակ Էլբակյանը։
168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս վիճակից դուրս գալու համար Հայաստանում ու Արցախում պետք է մեծից փոքր ոտքի կանգնեն՝ սկսած իրենից։ Թեպետ 70-ն անց է, բայց պատրաստ է զենք վերցնել։
Ինչ վերաբերում է հուլիսյան մարտերին, մեր զրուցակիցն ասաց, որ իրենք չէին սպասում, որ իրավիճակն այդպես կթեժանա։
«Սոսի հետ այդ օրը երեկոյան էինք խոսել, ասել էր՝ հեչ բան էլ չկա։ Բայց մենք գիտեինք, որ Տավուշում վիճակը խառն է, ինքն էլ, թե՝ այ հեր, հեչ բան էլ չկա։ Երեք ժամ հետո խաբարն եկավ, որ որդուս խփել են։ 28 տարեկան էր, որ ասում էի՝ տղա ջան, ամուսնացի, ասում էր՝ այ հեր, մարդ որ հայրենիք չունենա, ընտանիքն ո՞ւմ է պետք, ասում էր՝ առաջինը՝ հայրենիք, հետո՝ ընտանիք։ Գալիս էր արձակուրդ, 10 օր չէր մնում, ասում էր՝ գնամ հասնեմ տղաներիս»,- պատմեց Փայլակ Էլբակյանը։
Տիկին Նարինեն՝ ժամկետային զինծառայող Հակոբի մայրը, իր որոշման մեջ հաստատակամ է՝ կպայքարի այնքան, մինչև պատասխանատուները պատժվեն։
«Մեկը՝ ես, ամեն մեթոդի կդիմեմ իմ երեխայի համար։ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ասել, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեց, ինչո՞ւ։ Նիկոլը պիտի պատասխան տա, նոր հեռանա: Ինչ դժոխքի միջով մենք ենք անցել, նա էլ պետք է անցնի իր կլանով։ Այդ 5 հազար զոհն էլ իմ երեխեքն են, տարբերություն չկա»,- նշեց նա։
Վահրամաբերդից հետո ծնողներն այցելեցին նաև Մարալիկ՝ ծաղիկներ խոնարհեցին վրիժառու Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի մոտ, որպեսզի ամբողջ ազգին ցույց տան ու ևս մեկ անգամ հիշեցնեն, որ ունեցել են Սողոմոն Թեհլերյանի նման մարդիկ։
«Մենք ուզում ենք մեր ազգին արթնացնենք, որ ունեցել ենք նման մարդիկ, որոնք իրենց ոտքերի տակ թուրքի գլուխն են պահել, ուզում ենք արթնացնել, որպեսզի իրենց պատմությունը չմոռանան։ Մենք արդեն ամեն ինչ ենք կորցնում, հայրենիքը կորցրել ենք, մեր տղաներին տարել են, էլ չեմ ասում՝ պետություն, մեր տղաներին դավաճանել է հայ ազգը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանը։
Մարալիկից հետո բոլոր ծնողները միասին այցելեցին Սառնաղբյուր՝ գյուղի պանթեոնում կրկին ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի և 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին։
Ամփոփելով Շիրակի մարզ կատարած այցը, Արա Ռոստոմյանն ասաց, որ փորձելու են անցնել բոլոր գյուղերով, և արդեն 10 օրից ավելի է՝ այցելում են շրջաններ։
«Մեր նպատակը ժողովրդին արթնացնելն է ոչ միայն զոհվածների ծնողներին, այլև բոլորին։ Որտեղ գնացել ենք, նման մտածող ծնողների ենք հանդիպել, բոլորն էլ պատրաստ են զոհվել և 1 սանտիմետր հող չտալ, ինչպես մեր տղաները չտվեցին»,- եզրափակեց Արա Ռոստոմյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում