Ադրբեջանի ու Թուրքիայի գերնպատակը ցամաքային սահման ունենալն է՝ ՀՀ տարածքի հաշվին. Կարեն Հովհաննիսյան

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել  են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։

Սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ այս շրջանում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմի սադրանքներն ունեն մեկ գերնպատակ՝ ունենալ ցամաքային սահման։

«Մենք այլևս իրերն իրենց անունով պետք է կոչենք, թշնամին արդեն ցամաքային ոչ թե կապ, այլ սահման է ուզում՝ Հայաստանի տարածքի հաշվին։ Նրա հաջորդ նպատակներից մեկն այն է, որ Արցախն ամբողջությամբ հայաթափի, որպեսզի ամբողջությամբ վերցնի իր հսկողության տակ։ Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի ու Թուրքիայի գերնպատակը ցամաքային սահման ունենալն է մեր հաշվին»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և ոչ մի կետ իրականություն չի դարձրել։ Իսկ թե ինչո՞ւ է հայկական կողմն իրականություն դարձնում այդ հայտարարության բոլոր կետերը,  որովհետև, փորձագետի գնահատմամբ՝ հայկական կողմը չունի դիվանագիտություն, այն գտնվում է զրո մակարդակի վրա։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը միակողմանի կատարվում է հայկական կողմից։ Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած բոլոր միջազգային կառույցներում Ադրբեջանի համար պետք է ստեղծեր մեծ խնդիրներ։ Ադրբեջանը ոչնչացրել ու ոչնչացնում է ոչ միայն հայկական մշակութային արժեքները, այլև ազգային ու կրոնական պատկանելության հողի վրա քրիստոնյա հայերին էր կոտորում։ Սակայն Հայաստանը ոչինչ չարեց, այսինքն՝ Ադրբեջանին ոչ մի դեպքում չպատժեց, քանի որ Ալիևն ասել էր, որպեսզի Հայաստանի համար լավ լինի,  իր համար չպետք է խնդիրներ ստեղծի, իսկ Հայաստանի իշխանությունը դրան հավատալով՝ գնացին այդ ճանապարհով, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի նման գործողություների դեպքում, ինչպե՞ս է Հայաստանը գնում խաղաղության՝ հարցին Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ ամենն ունի մեկ բացատրություն՝ թույլ, տկար և անգործունյա կողմը, ցանկալի է, որ մշտապես խոսի խաղաղությունից, որպեսզի միջազգային հանրությունից աղերսի խաղաղություն, անկախ այն հանգամանքից, թե այդ խաղաղությունը պետականությո՞ւնը, թե՞ կրկին մարդկային կյանքեր զոհելու հաշվին կարող է լինել։

«Այնպես որ, խաղաղության մասին խոսելը և դրա հետևից անատամ գնալը խոսում է թուլության, տկարության և անճարության մասին, դիվանագիտական ու մյուս ոլորտներում»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս