Հակակոռուպցիոն կոմիտեում փորձել են կոծկել ՇՊՀ-ի «ֆեյք ուսանողուհու» գործը, վերահսկող դատախազը թույլ չի տվել
Նախորդ տարեվերջին 168.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) հերթական աղաղակող ապօրինությունն է տեղի ունեցել:
Մենք տեղեկություն էինք ստացել, որ ՇՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի առկա ուսուցման բաժնի առաջին կուրսում ուսանող է հայտնվել և անհետացել: Մեր աղբյուրները նաև տեղեկությունը հաստատող լուսանկար են ուղարկել:
Բանն այն է, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ փաստորեն այդ կուրսում սովորել է 15 ուսանող, որոնց թվում՝ քույրեր:
«Այս ուսանողուհիներն ակտիվորեն մասնակցել են դասերին, ունեցել են ակտիվություն և բացակայություններ, մասնակցել են առաջին կիսամյակի միջանկյալ քննություններին, ամփոփիչ քննություններին, ստացել են գնահատականներ, սակայն տարեվերջից օրեր առաջ տեղի է ունենում «հրաշք». քույրերից մեկի անունն «անհետանում է» դասամատյանից:
Հարց է առաջանում, եթե անձը ուսանող չէ, ինչպե՞ս է նա գրանցվել պաշտոնական փաստաթուղթ համարվող մատյանում, ինչպե՞ս է նրան թույլ տրվել մասնակցել դասերին, քննություններին, այդ թվում՝ միջանկյալ և ամփոփիչ, սեմինարներին, և հիմա տառացիորեն կիսամյակի վերջում պարզվում է, որ նա ուսանող չէ:
Մատյանների մեջ ընդգրկվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին և մինչև սեպտեմբերի 15-ը մուծում են առաջին կիսամյակի վարձավճարն ամբողջությամբ, որից հետո հրամանագրվում են՝ որպես ուսանող:
168.am-ի հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում բուհ-ի դասախոսներից Հովհաննես Խորիկյանի հաղորդման հիման վրա քննություն սկսվեց, հարուցվեց քրեական գործ:
Մեզ տեղեկացրել էին՝ «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը, շատ լավ տիրապետելով, թե «ֆեյք ուսանողի» գործով ԱԱԾ-ն ում է կանչում բացատրություն տալու, վերջիններիս հրավիրում է իր մոտ, ժողովներ է անում և կոնկրետ ուղղորդում է մարդկանց դեմ կեղծ ցուցմունք տալու համար և հիմնականում հանդիպում է «Սոցիոլոգիա առկա» մասնագիտության 1-ին կուրսում դասավանդած դասախոսների հետ:
Այս ջանքերն ըստ էության արդյունք են տալիս, և նախաքննությունը վարող քննիչը որոշում է գործը կարճել: Քննիչի այս որոշման դեմ բերվում է բողոք, և ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Մարտիրոսյանը, քննարկելով Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Նիկողոսյանի կայացրած այս քրեական գործով վարույթը կարճելու մասին ապրիլի 26-ին կայացրած որոշման դեմ Հովհաննես Խորիկյանի կողմից մայիսի 4-ին բերված բողոքը, պարզում է, որ հիշյալ ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը անձնական այլ դրդումներով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դասամատյանում մտցրել է ընդունելության քննություններում անբավարար ստացած և ուսանող չհանդիսացող անձի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
ՀԿԳ քննիչի պաշտոնակատարը, սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին համապատասխան արարք չի տեսել, իր կայացրած որոշմամբ արձանագրել է, որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որ ֆակուլտետի դեկանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
Գործով վերահսկող դատախազը մինչդեռ գտնում է, որ նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները չեն պարզվել, դրանք քննության առարկա չեն դարձել, այդ ուղղությամբ անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները չեն կատարվել:
Դատախազը մասնավորապես մատնանշել է, դասամատյանում «ֆեյք ուսանողուհու» անձնական տվյալների ամբողջական առկայությանը և դրանց՝ մարկերով հետագայում ջնջմանը: Քննիչը չի ստուգել նաև, թե մյուս դասախոսներն այդ ուսանողուհուն ինչպես են գնահատականներ նշանակել: Նշել է այլ բացթողումներ ևս:
Ըստ այդմ՝ դատախազը որոշել է Հովհաննես Խորիկյանի բողոքը բավարարել և վերացնել «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 2022թ. ապրիլի 26-ի որոշումը՝ դրա անհիմն ու անօրինական լինելու պատճառաբանությամբ: