«ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն այլընտրանք չունի. անկախ ամեն ինչից, այդ երկրները շարունակում են հակամարտության լուծմամբ զբաղվել». Դավիթ Բաբայան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին»,- նշել է դեսպանը։

Ռուս-ուկրաինական հակամարտության շրջանում Ռուսաստանը կարձագանքի՞ Միացյալ Նահանգների այս առաջարկին, արդյո՞ք Արևմուտքը 44-օրյա պատերազմից հետո հասկացել է, որ Արցախի հարցի լուծման համար Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ՌԴ-ի արձագանքը։

«Իհարկե, մենք կողմնակից ենք, որպեսզի երկխոսությունը՝ Արևմուտք-Ռուսաստան, վերականգնվի, քանի որ շատ ավելի լավ է, որ գերտերությունները գոնե իրար հետ նորմալ են հարաբերվում, քան մեկը մյուսին թշնամի է։ Հետևաբար՝ այս տեսակետից, կարծում եմ՝ ողջ մարդկության շահերից է բխում, որպեսզի գերտերությունները մեկը մյուսին հարգեն, մեկը մյուսի շահերի հանդեպ իսկապես հարգալից վերաբերմունք ունենան։ Սա է կայունության և խաղաղության կարևորագույն հիմքերից մեկը, մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ խնդիրը Մինսկի խումբը չէ, ավելի լայն պետք է նայել, քանի որ այժմ տեսանելի է, որ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները որակական նոր փուլ են տեղափոխվել։

«Ոչ միայն Ռուսաստանն ու Արևմուտքը, մենք տեսնում ենք Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների բարդացում, վատթարացում, ուստի երկրագնդում համեմատաբար խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի գերտերությունների միջև գոնե երկխոսություն լինի։

Այս պահին ԵԱՀԿ Մինսկի ձևաչափն այլընտրանք չունի։ Ավելին՝ նույնիսկ, եթե հավաքական առումով Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց նույն Ռուսաստանի շնորհիվ է պահպանվում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում։ Տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան նույնպես փորձում են հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Այսինքն՝ անկախ ամեն ինչից, այդ երկրները շարունակում են հակամարտության լուծմամբ զբաղվել, այս պահին խնդիրն այն է, որ կրկին փորձեն դուրս գալ սառեցված վիճակից և հավաքական ձևաչափով աշխատեն, իսկ սա կախված է ավելի լայն հարցերի շրջանակներից»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս