Արուսյակ Ալեքսանյանին փրկելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը

Երեկ կատարվածից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, դժվարանում ենք ասել, հետևություններ արե՞լ է, թե՞ ոչ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ գիշերը, շատ լավ առիթ է երիտասարդ կնոջ, մասնագետի, դատավորի համար, ով դեռ պիտի ապրի ու աշխատի այս երկրում, մի անգամ ևս խորհել՝ շարունակե՞լ գնալ այն ճանապարհով, որով ինքը գնում է, թե՞ այնուամենայնիվ, արժե մի անգամ մտածել:

Երեկ գիշերն Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանի պաշտպանական թիմի՝ երեկ արված միջնորդությունը ու 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց վերջինիս, քանի որ Միկա Բադալյանն ունի առողջական խնդիրներ, ու երեկ ավելի վաղ տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

Համեմատության համար նշենք, որ ընդդիմադիր գործիչ, հայտնի «դրոշի գործով» անցնող Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի միջնորդությունը՝ նշանակել դատական նիստ ու քննարկել Նարեկ Մանթաշյանի վերաբերյալ բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը, դատավորը բավարարեց միայն 20-ից ավելի օր անց:

Բայց խոսքը սրա մասին չէ նույնիսկ:

Կարդացեք նաև

Հուլիսի 15-ին դատարանի դահլիճում ողբերգականորեն մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանից հետո, ում խոսելու համար կալանավորել էր նույն Արուսյակ Ալեքսանյանը, իսկ այդ վճիռն անփոփոխ էր թողել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը երեկ Արուսյակ Ալեքսանյանին փորձեց «մաքրել» Միկա Բադալյանի գործով:

Արուսյակ Ալեքսանյանը երեկ նշանակվեց Միկա Բադալյանի կյանքի փրկիչ: Սա մի կողմից՝ նպատակ ուներ «դուխ» տալ Արուսյակ Ալեքսանյանին՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի դեմ առավել ոգևորությամբ պայքարելու համար, մյուս կողմից էլ՝ լավ առիթ էր նրան ռեաբիլիտացնելու:

Ստացվե՞ց, թե՞ ոչ, վաղ է ասել, բայց Արուսյակ Ալեքսանյանի երեկվա որոշումը ոչ նրա վրայից Արմեն Գրիգորյանի մահվան պատասխանատվության չեղած զգացումն է վերացնելու, ոչ էլ մյուս քաղկալանավորների տառապանքների բեռը, ում իր գրչի զորությամբ անազատության մեջ է պահում Արուսյակ Ալեքսանյանը:

Արուսյակ Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օգտագործում է, ինչպես կարողանում է. դա նրա խնդիրն է, կարողանում է, անում է, առաջին դեպքը չէ: Դատավորն ինքն է նրան այդ հնարավորությունը տվել ու կարծես թե բոլորովին դեմ չէ:

Բայց երեկ տեղի ունեցածը պետք է ահազանգ լինի նրա համար: Այս իշխանությունն այսօր կա, վաղը չկա, իսկ ինքը դեռ երևի թե լինելու է դատական համակարգում, իսկ դատական համակարգը միայն Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ջհանգիրյանի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի սրտի դատավորներից չի բաղկացած:

Երեկ Նիկոլ Փաշինյանն Արուսյակ Ալեքսանյանին հստկակ մեսիջ հղեց. մնում է՝ դատավորը կարողանա եզրակացության հանգել:

Հ.Գ. Արուսյակ Ալեքսանյանը ըստ ամենայնի նաև ընկերություն անել չգիտի, որովհետև ընկերներին սովորաբար հեռու են պահում վտանգներից, այլ ոչ ներքաշում  «կեղտոտ» խաղի մեջ, ուր դու շահ ունես, և քեզ համար մեկ է, ով այդ ընթացքում կընկնի հարվածի տակ:

Տեսանյութեր

Լրահոս