Բաժիններ՝

Ագաթա Քրիստին` ամենաընթերցված հեղինակը

«Արմենպրես» գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ագաթա Քրիստիի «Մահ ամպերի մեջ» գիրքը երկրորդ տեղում է։ «Մահ ամպերի մեջ» վեպն Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ ստեղծագործություններից է: Առաջին անգամ լույս է տեսել 1935թ. մարտի 10-ին ԱՄՆ-ում՝ «Մահ օդում» վերնագրով, ապա նույն թվականի հուլիսին՝ Մեծ Բրիտանիայում՝ արդեն հանրությանը հայտնի վերնագրով: Իրադարձությունների կիզակետում կրկին ընթերցողին քաջ հայտնի բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոն է, որը հանգամանքների բերումով հայտնվում է այն ուղևորների շարքում, որոնք ակամա դառնում են մադամ Ժիզել կեղծանվամբ հայտնի վաշխառուի առեղծվածային սպանության վկաները: Հենց այդ փաստն էլ ստիպում է հռչակավոր խուզարկուին հանձն առնել խորհրդավոր գործի հետաքննությունն ու պարզել՝ ով կարող է կանգնած լինել դաժան սպանության հետևում: Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։

Դետեկտիվի «թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը երրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունն Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանն իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Ագաթա Քրիստիի «Մեծ քառյակը» չորրորդ տեղում է։ «Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունն, առաջին անգամ հրատարակվել է 1927 թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար: Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումանյանի։

Մարկ Արենի նոր՝ «987» գիրքը հինգերորդ հորիզոնականում է։ «987»-ը Մարկ Արենի (Կարեն Մարգարյան) հայերեն թարգմանված 7-րդ գիրքն է։ Նրանում հեղինակը պատկերում է Վլադիմիր իշխանի օրոք Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումը։ Իշխանն, ամուսնանալով բյուզանդական հայազգի կայսեր Բարսեղ II-ի և Կոնստանտին VIII- քրոջ՝ Աննայի հետ, քրիստոնեություն է ընդունում։ Վեպի համար հիմք են ծառայել իրական պատմական իրադարձությունները։

Վեցերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը յոթերորդ տեղում է։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ութերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը իններորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Տասներորդ տեղում է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»: Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում: Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, և նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում: Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս