Ծերը, որը փրկեց իր աշակերտ Պաիսիոսին
– Երբ Աստված տալիս է խոնարհության շնորհը, այնժամ մենք ամեն ինչ տեսնում ենք, այնժամ պարզորոշ ապրում ենք Նրանով։ Երբ խոնարհություն չունենք, ոչինչ չենք տեսնում։ Եվ հակառակը, երբ արժանանում ենք սուրբ խոնարհությանը, այնժամ տեսնում ենք ամեն ինչ, ուրախանում ենք ամեն ինչով։ Այնժամ ապրում ենք Աստծով, մեր ներսում դրախտ է, որը հենց Ինքը Քրիստոսն է։ Մի բան պատմեմ ձեզ,- հանկարծ ասաց ծերը,- չգիտեմ՝ արդյոք կարդացե՞լ եք «Վարք հարանց»-ում․․․ Այդ պատմության մեջ մատնանշվում է Աստծու նախախնամությունն ու ծերի աղոթքի զորությունը։
Մի ծեր ուղարկեց իր աշակերտ Պաիսիոսին՝ աշխատելու խցից հեռու գտնվող մի վայրում։ Վերջինս ժամեր շարունակ քայլեց կիզիչ արևի տակ։ Կեսօր էր։ Նա մի մեծ ժայռ տեսավ, որի տակ ստվեր էր, մոտեցավ, պառկեց՝ հանգստանալու ստվերում ու քնեց։ Եվ երբ նա քնած էր այնտեղ, կամ էլ նիրհում էր, տեսավ ծերին, որը նրան ասում է․
– Պաի՛սիոս, Պաի՛սիոս, վե՛ր կաց ու հեռացի՛ր այդտեղից։
Լսելով, որ ծերը բարձրաձայն կանչում է իրեն, նա վեր է կենում ու գնում։ Հազիվ էր հինգ-վեց քայլ արել, երբ դղրդյուն է լսվում, և նա տեսնում է, թե ժայռն ինչպես է փլուզվում։ Այն կջախջախեր նրան ու ոսկոր անգամ չէր թողնի անվնաս։ Ծերը շատ հեռու էր Պաիսիոսից, սակայն տեսնում էր նրան․․․
Ահա՛ Աստծու նախախնամությունը։ Հաստատվում են Տիրոջ խոսքերը․ «Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են. իմ անունով դևեր պիտի հանեն, լեզուներ պիտի խոսեն, իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, և եթե մահացու թույն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (Մրկ․ 16։17, 18)։
Մի փոքր խորհելով՝ մենք կարող եք ասել․
– Տե՛ր Աստված, Դու ամենուր ներկա ես և ամեն ինչ տեսնում ես, որտեղ էլ, որ ես լինեմ։ Դու սիրով հետևում ես իմ ամեն քայլին։
Կրկնենք Դավթի հետ․ «Ո՞ւր գնամ ես քո հոգուց, կամ քո դեմքից ո՞ւր փախչեմ: Եթե երկինք ելնեմ, այնտեղ ես դու, եթե դժոխք իջնեմ, դրան էլ մոտ ես: Եթե առավոտյան թևեր առնեմ ու բնակվեմ ծովի եզերքին, այնտեղ էլ քո ձեռքն ինձ կառաջնորդի, և աջդ ինձ կընդունի» (Սղմ․ 138։7-10)։
Իհարկե, միայն գիտենալը բավարար չէ։ Սակայն մեծ մխիթարություն ու զորություն է, երբ մենք հավատում ենք դրան, ապրում ու համակվում ենք դրանով։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը