Պոլսահայ գործիչ Մուրադ Մըխճըն մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Պոլսահայ գործիչ, գրող, ակտիվիստ Մուրադ Մըխճըն «Քուրբան բայրամին քրիստոնյա լինելը» վերտառությամբ իր նոր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում մուսուլմանների և քրիստոնյաների հարաբերություններին։
Մըխճըն հիշեցրել է անցյալի մի պատմություն, որն իրենց մուսուլման հարևանուհիներից մեկը պատմել է իր հոր՝ Հակոբ Մըխճըի նկարահանած «Քոնյա Էրեղլի» վավերագրական ֆիլմում։ Հարևանուհին, հիշելով Միխճըի տատիկին՝ Մարիին, մասնավորապես պատմել է, որ զատկական օրերին Մարին ներկած հավկիթներ է տվել իրենց, իսկ իրենք, երբ զոհաբերություն (քուրբան) են արել, առաջինը Հակոբենց տուն են ուղարկել։
Նշելով, որ նմանատիպ օրինակներ հնարավոր է գտնել ոչ միայն Էրեղլիի, այլև Անատոլիայի հիշողություններում՝ նա նկատել է, որ այսօրվա մասին նմանօրինակ նախադասություններ կազմելը դժվար է, քանի որ փոխվել են այդ զգացողությունները։
«Հստակ կարող եմ ձեզ ասել, որ, չհաշված բացառությունները, Անատոլիայում արդեն հայ բառը, բացառությամբ գանձ գտնելուն, վերածվել է ատելության խոսքի։ Ատելության այդ խոսքը սկսվում է կրթություն ստանալու տարիքից և շարունակում է աճել մեդիայի ջանքերով»,-ընդգծել է Մըխճըն։
Պոլսահայ գործիչն անդարադարձել է Թուրքիայում «Պայքար մոլեռանդ հայերի դեմ» անունով մի կազմակերպության գործունեությանը և հարց է բարձրացրել, թե ովքեր են այդ «մոլեռանդ հայերը»․ «Ակոս» թերթի գրողնե՞րը, պատգամավոր Կարո Փայլա՞նը, թե՞ գուցե հենց ինքը։ Նա շեշտել է, որ Թուրքիայում պաշտոնական պատմագրությունը չընդունող յուրաքանչյուր տարր կարող է մոլեռանդ ընկալվել։
«Անցյալը մոռացության տալը և հիշողությունները ոչնչացնելը, ցավոք սրտի, երկրի համակարգի մի մասն է»,-նկատել է Մըխճըն։
Պոլսահայ գործիչն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հանդիպումներ են իրականացվում հաշտեցման համար։ Մարդիկ, ովքեր պետք է կամուրջ լինեն այս հաշտեցմանը, իրականում Թուրքիայի հայերն են։ Մենք Թուրքիայի քաղաքացի հայերն ենք և այս աշխարհագրության մարդիկ։ Մեզ նման մոլեռանդ ընկալվողները կլինեն և պետք է լինեն այն մարդիկ, ում կարիքը կզգացվի, երբ կամուրջ կառուցելու ցանկություն կլինի։
Սա իրականում բնական առաքելություն է, որը մենք պարտք ենք այն աշխարհագրությանը, որտեղ ապրում ենք»,-նշել է նա։
Խոսելով օրերս Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի մասին՝ Մուրադ Մըխճըն հետևյալ դիտարկումն է արել․
«Վերջերս պարոն Էրդողանն ու պարոն Փաշինյանը փոխադարձաբար շնորհավորեցին միմյանց տոները։ Այս շնորհավորանքներն անշուշտ արժեքավոր են, բայց եթե ուզում են կարգավորում, ապա դրա ճանապարհն առաջին հերթին անցնում է երկրի ժողովրդավարության ամրապնդման, ժողովուրդների միջև կամուրջների կառուցման միջով:
Դժվար չէ նկատել, որ, ցավոք, այն ջանքը, որը կապահովի երկու երկրների ժողովուրդների [հարաբերությունների] կարգավորման գործընթացը, ի սկզբանե չի արտացոլվում երկրների ներքին քաղաքականության մեջ։
Այնուամենայնիվ, չնայած բոլոր դժվարություններին, կարևոր եմ համարում օգտագործել կարգավորում բառը, որը կնպաստի ժողովուրդների և երկրների միջև խաղաղության հաստատմանը»։