Ամերիկացի դպրոցականը 15 տարեկանում դարձել է միլիոնատեր
Ամերիկացի աշակերտուհին ստեղծել է հագուստի և աքսեսուարների իր բրենդը և դարձել միլիոնատեր 15 տարեկանում։ Այդ մասին, ըստ panorama.am-ի՝ գրում է The Sun-ը։
Ամերիկացի աշակերտուհի Իզաբելլա Բարեթն իր առաջին միլիոն դոլարը վաստակել է 15 տարեկանում՝ ստեղծելով հագուստի և աքսեսուարների ապրանքանիշ: Այդ ժամանակվանից նա մոդել է աշխատել Նյու Յորքի նորաձևության շաբաթում և հիմնել է իր սեփական House of Barretti ապրանքանիշը: Այսօր նրա կարողությունը գնահատվում է 2 մլն դոլար, մինչդեռ աղջիկը շաբաթական ծախսում է ավելի քան 25 հազար դոլար։
Իզաբելլա Բարեթը մանկուց ապրում է «շքեղության» մեջ, ինչի մասին միշտ պատմում է Instagram-ի իր հետևորդներին: Օրերս նա տեսանյութ է տարածել, որում ցույց է տվել, թե ինչպես է անցնում իր առօրյան։
Սկզբում նա ձյունաճերմակ կոստյումով կեցվածք է ընդունում մասնավոր ուղղաթիռի ֆոնին, ապա ցույց է տվել հարյուր դոլարանոց փաթեթը և ադամանդե վզնոցը, որից հետո նա «փախչում է» նորաձևության ցուցադրության, որտեղ մասնակցում է որպես մոդել։