«Առանց սկզբունքայնության չի կարող լինել սուբյեկտայնություն՝ ցանկացած երկիր պետք է ձգտի լինել աշխարհաքաղաքականության սուբյեկտ, այլ ոչ թե դառնա խաղաքարտ». Դավիթ Բաբայան

Հուլիսի 11-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

Ինչպես հայտնել էին Հայաստանի կառավարությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Փոխադարձ շնորհավորանքների առիթն օգտագործելով՝ կողմերն ակնկալիք էին հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն։

Հայ-թուրքական հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Արցախյան հիմնախնդրի վրա, այս փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարո՞ղ է ազդել Արցախի շուրջ  գործընթացների վրա։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը վերը նշված հարցերին ի պատասխան՝ նկատեց, թե Արցախյան հիմնախնդրի վրա հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր ազդեցությանն  անդրադառնալիս՝ հարցը պետք է դիտարկել մի քանի հարթությունում։

«Բնականաբար, հարևաններն իրենց հարաբերություններն ինչ-որ ձևով պետք է կարգավորեն, սա միանշանակ է։ Ավելի լավ է հարևանների հետ գոնե նորմալ կամ գոնե ինչ-որ ձևով կայուն հարաբերություններ ունենալ, քան թշնամական։ Մյուս կողմից էլ պետք է անվերապահորեն պահպանել «կարմիր գծերը», որովհետև առանց դրա՝ սկսվելու են այնպիսի գործընթացներ, որոնք դժվար կլինի կարգավորել ու կառավարել։

Հայ-թուրքական հարաբերություններում մեզ համար «կարմիր գիծը» ո՞րն է, այստեղ կա երկու կարևոր հարց։ Առաջին՝ Թուրքիան մշտապես ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցել արցախյան հիմնախնդրի հետ։ Ավելի հստակ՝ նրանք մշտապես ասում են, որ Արցախ չկա, որ դա Ադրբեջանի անբաժան մասն է, ինչը Հայաստանը պետք է ընդունի, որպեսզի հարաբերությունները զարգացնի իրենց հետ։ Երկրորդ՝ Թուրքիան նաև պահանջում է, որպեսզի հայկական կողմը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առաջ տանելուց։

Հիմա եթե մենք գնում ենք այս նախապայմաններով, ապա ըստ իս՝ սա բերելու է անցանկալի զարգացումների»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Արցախի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եթե Թուրքիան, որպես Հայաստանի հարևան, ցանկանում է առանց նախապայմանների իր հարաբերությունները հաստատել Հայաստանի հետ, ապա պետք է այդ հարաբերությունները հաստատի առանց նախապայմանների։ Հատկապես այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը երբեք Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ չի քաշել նախապայմաններ՝ Հայոց ցեղասպանության ընդունման և Արցախը Հայաստանի մաս կամ անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ։

«Եթե պաշտոնական Անկարան կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սա արդեն այլ հարց է և  կարող է դառնալ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման և կայունացման հիմք։ Իսկ եթե Թուրքիան հակառակ ուղղությամբ է գնում և ստիպում Հայաստանին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և հրաժարվում է  Հայոց ցեղասպանությունից՝  ապա այստեղ իսպառ դուրս է գալիս հայկական կողմի սկզբունքայնությունը, իսկ հայկական կողմի համար շատ կարևոր է  սկզբունքայնությունը։ Առանց սկզբունքայնության չի կարող լինել սուբյեկտայնություն, իսկ ցանկացած երկիր պետք է ձգտի լինել աշխարհաքաղաքականության սուբյեկտ, և ինքը որոշի իր ճակատագիրը, այլ ոչ թե դառնա խաղաքարտ»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ առ այսօր Թուրքիայի բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համատեքստում նա չի հրաժարվել իր նշած երկու գերնպատակներից։ Իսկ կոնկրետ այս պահին Թուրքիան իր գործողություններով պետք է ցույց տա՝ հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ, փոխո՞ւմ է իր մոտեցումը, թե՞ ոչ։

«Եթե Թուրքիան իր մոտեցումները չի փոխում, ուրեմն՝ համապատասխան եզրակացություններ պետք է անել, իսկ եթե փոխում է, պետք է փորձել այդ հարաբերություններն ինչ-որ ձևով կանոնակարգել, քանի որ տվյալ պարագայում խոսել եղբայրության մասին՝ անհնարին է, նույնիսկ տեսանելի ապագայում, քանի որ շատ ու շատ խնդիրներ կան։ Այդուհանդերձ Թուրքիայի հետ չեզոք հարաբերություններ հաստատելն ու պահպանելը կրկին կլինի առջընթաց»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս